Ներկայում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» թերթը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Փենսիլվանիայում բնակվող պարոն Ֆեթուլլահ Գյուլենին մոռացեք: Նրան արտահանձնելու մասին խոսք անգամ չի կարող լինել», -ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

Նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան դաշնակիցներ են, բայց դա չի նշանակում, որ երկու երկրներն էլ միակարծիք են բոլոր հարցերում:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայում եւ Նոր Զելանդիայում: Նա նման որոշում ընդունել է այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր ԱՄՆ-ից նրա հնարավոր արտահանձնմանն իր հասնելու մասին: Նա նշել է, որ Գյուլենը միջամտում է Թուրքիայի ներքին հարցերին' օժանդակելով երկրում իրադրության ապակայունացմանը:

 

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ ասել էր, որ Ֆեթուլլահ Գյուլենի նկատմամբ հնարավոր է միջազգային որոնում հայտարարվի: Նրա խոսքով, Գյուլենի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու համար անհրաժեշտ է դատարանի որոշումը:

 

Անցած դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 

Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքական կառավարությունը որոշել է 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական եւ հասարակական հաստատությունները: