Facebook Inc.-ի 29-ամյա հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան աշխատավարձը 2012 թվականի 503,205 հազար դոլարից, երբ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը IPO էր անցկացնում, անցյալ տարի կրճատվել է մինչև 1 դոլար: Այդ մասին վկայում են կարգավորիչներին ընկերության ներկայացրած տվյալները:

 

Bloomberg գործակալությունը հիշեցնում է, որ աշխարհի միլիարդատերերի իր ինդեքսում Ցուկերբերգը 22-րդ տեղն է զբաղեցնում շուրջ 27 մլրդ դոլար կարողությամբ, որը 2013 թվականին կտրուկ ավելացել է, քանի որ Facebook-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան կրկնակի:

 

Facebook-ի ղեկավարը գնացել է Սիլիկոնյան հովտի կորպորացիաների բազմաթիվ ղեկավարների հետքերով, ովքեր հարստանալուց հետո իրենց աշխատավարձը նվազեցրել են մինչև խորհրդանշական 1 դոլար: Ավանդույթի սկիզբն առաջիններից մեկը դրել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը, այժմ, ի թիվս այլոց, դրան հետևում են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը: Բոլոր նման թոփ-մենեջերներին են պատկանում նրանց ընկերությունների բաժնետոմսերի զգալի փաթեթները: Այսպես, Ցուկերբերգը վերահսկում է Facebook-ի բաժնետոմսերի 61,6 տոկոսը:

 

Facebook-ում Ցուկերբերգի միագումար վարձատրությունը, ներառյալ անձնական նպատակներով ընկերության մասնավոր ինքնաթիռների օգտագործումը և դրա հետ կապված բոլոր ծախսերը, մեկ տարի առաջվա 1,99 մլն դոլարից 2013 թվականին նվազել է մինչև 653,17 հազար դոլար:

 

Սոցցանցի մյուս ղեկավարների փոխհատուցման ծավալները նույնպես կրճատվել են: Գլխավոր գործառնական տնօրեն Շերիլ Սենդբերգն ստացել է 16,2 միլիոն՝ 2012 թվականի 26,2 միլիոնի դիմաց, սակայն 2014 թվականի հունվարին նա միլիոնատիրուհի Է դարձել Facebook-ի բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ: Ֆինանսական տնօրեն Դևիդ Էբերսմենին ընկերությունը 2013 թվականին 10,5 մլն դոլար է վճարել՝ մեկ տարի առաջվա 12 մլն դոլարի դիմաց, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: