Մեքսիկացի Էլիզաբեթ Գուտերեսը դանակահարել է իր լավագույն ընկերուհուն՝ Անել Բաեզին, ֆեյսբուք սոցցանցում տեղադրված լուսանկարների պատճառով: Աղջկան դուր չի եկել, որ ընկերուհին իրենց համատեղ լուսանկարները հրապարակային ցուցադրման է դրել: Նա ընկերուհուն զգուշացրել է, որ փոխզիջման չգնալու դեպքում կսպանի նրան, վերջինս էլ միայն ծիծաղել է և վիրավորված ընկերուհուն հրավիրել իր տուն, որպեսզի միասին քննարկեն կոնֆլիկտը:
Ինչպես գրում է utro.ru-ն՝ հղում կատարելով UPI-ին, ըստ հետաքննության արդյունքների՝ երբ աղջիկը մտել է ընկերուհու բնակարան, խնդրել է օգտվել սանհանգույցից: Մի քանի րոպե անց Գուտերեսը թիկունքից հարձակվել է ոչինչ չկասկածող ընկերուհու վրա և խոհանոցային դանակով մեջքին 65 հարված հասցրել: Այնուհետև մաքրել է արյունն իր հագուստի վրայից և հեռացել: Նույն օրը թվիթերյան իր բլոգում նա կատարել է հետևյալ գրառումը. «Ես արեցի դա», սակայն երկու օր անց ջնջել է իր էջը:
Մարդասպանին ձերբակալել են հենց թաղման վայրում, երբ վերջինս գնացել էր ցավակցելու մահացած ընկերուհու ընտանիքին:
Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է յոթ տարվա ազատազրկում: Մեքսիկական օրենքների համաձայն՝ դա սպանությունների համար նախատեսված մաքսիմալ պատժաժամկետն է:
Տեղեկացնենք, որ երկու աղջիկներն էլ հասակակիցներ են եղել՝ 16 տարեկան և էլեկտրոնային խոսակցություններում միմյանց քույր են անվանել: