ՀՀ վարչապետի հրաժարականը ապացույցն էր նրա, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը' հայտնելով, որ ինքը տեղյակ չէր այդ որոշման մասին:
«Կարծում եմ' բնական գործընթաց է, որովհետև կառավարություններն աշխատում են երկրի համար: Սահմանադրական գործընթացը մեր երկրում ենթադրում է, որ կառավարությունները կազմավորվում են և հրաժարական են տալիս բացառապես քաղաքական մեծամասնության որոշումներից»,-նշեց Աշոտյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին' նա նշեց, որ ինքն իրեն տեսնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողքին: «Դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք»,-կեսկատակ-կեսլուրջ նշեց նախարարը: Նա հավելեց, որ տեսնում է մի շարք արժանի մարդկանց, ովքեր կարող են լինել վարչապետի պաշտոնում, սակայն անուններ նշել չի ցանկանում: «Ես տեսնում եմ արժանավոր մարդկանց, ում քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել մեր կառավարության ձևավորումը և երկրի հետագա ծրագրերի մշակումը»,-կարծիք հայտնեց ԿԳՆ նախարարը:
Հարցին, թե հնարավոր է, որ վարչապետը լինի ոչ Հանրապետական կուսակցությունից, Արմեն Աշոտյանը նշեց. «ՀՀԿ-ն հանդիսանալով երկրի քաղաքական ողնաշարը, իրեն կարող է թույլ տալ նման «շռայլություն», որ վարչապետը լինի ոչ հանրապետական, բայց քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանցից»:
Տեսանյութը` Tert.am-ի