Արևմուտքը և Ռուսաստանը փորձում են Ղարաբաղյան հարցը դուրս պահել աշխարհաքաղաքական մրցակցությունից, և այստեղ նրանց տեսակետները դեռևս համընկնում են։ Սակայն զարգացումները կարող են փոխվել և Արցախը կարող է շատ գայթակղիչ դառնալ երկու կողմերի համար էլ՝ դառնալով գործոն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացումը կարող է հանգեցնել անցանկալի ռազմական գործողությունների, ինչը դեռևս հարկավոր չէ։ «Մենք տեսանք, որ Հայաաստանը փաստացի չշարունակեց չեզոքության քաղաքականությունը Եվրոպայի և Ռուսաստանի հետ և ընտրեց վերջինիս։ Բնականաբար, սա իր հերթին իրավիճակ փոխեց Հարավային Կովկասում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջան կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ դիրքորոշումներ հայտնեց՝ ակնհայտորեն ցույց տալով, որ Արցախի հարցում դառնում է Ադրբեջանին սատարող կողմ»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։
Նա նկատեց, որ Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո այդ երկիրը կփորձի ավելի ակտիվանալ Հարավային Կովկասում։ «Էրդողանը Ադրբեջան այցելության ժամանակ խիստ արտահայտություններ արեց՝ ասելով, որ Թուրքիան երբեք չի փոխի իր դիրքորոշումը Արցախի շուրջ»,- նշեց քաղաքագետը։
Ապրիլի 4-ին Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում քննարկել են մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը: Համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ խաղաղ լուծման ուղղությամբ աշխատելու իրենց հանձնառությունը: Նրանք քննարկել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը եւ ընդգծել հիմնարար հարցերի առնչությամբ առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը: Համանախագահները կրկին ընդգծել են տարածաշրջանում լարվածության թուլացման եւ խաղաղ գործընթացին աջակցելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը