Կովկասյան հովազի պահպանման հայաստանյան ծրագիրը Գերմանիայի «Նեյշնլ Գեոգրաֆիկ»-ի կողմից արժանացել է շուրջ 30 հազար եվրոյին համարժեք դրամի դրամաշնորհի։ Մարտի 17-ից 31-ը Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիայի (EOCA) կողմից կազմակերպված վիրտուալ քվեարկության արդյունքում կովկասյան հովազի պահպանման ծրագիրն ընտրվել էր 6 լավագույնների շարքում և երկրորդ փուլում ստացել 7 հազար 238 ձայն 21 հազար 179 ձայներից, որը կազմում է ընդհանուր ձայների շուրջ 34 տոկոսը:

 

Կովկասյան հովազը վտանգված կենդանատեսակ է, գրանցված ԲՊՄՄ (Բնության պահպանության միջագային միություն) Կարմիր ցուցակում' «վտանգված» կարգավիճակով: Բնության մեջ կովկասյան հովազի քանակը չի գերազանցում 1300-ը, իսկ Հայաստանում կարող է հանդիպել առավելագույն 15 հովազ (ըստ ԲՊՄՄ տվյալների): Բացի պետական արգելոցներից, կովկասյան հովազը Հայաստանում պահպանվում է նաև օրենքով:

 

Դեռ 2013 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ի տարածքում տեղադրված տեսախցիկներն արձանագրեցին Հայաստանում բնակվող կովկասյան հովազներից մեկին:

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նշված միջոցները կօգտագործի Կովկասյան հովազի համար անհրաժեշտ տարածքների պահպանման և ընդլայնման, ինչպես նաև այս վտանգված կենդանատեսակի մասին հետազոտություններ կատարելու նպատակով:

 

Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված ծրագիր Հայաստանում իրականացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու «WWF- Հայաստան»-ը, որը նաև մշակել է անհետացման եզրին գտնվող այս կենդանատեսակի պահպանման ռազմավարություն: