Թուրքիայում YouTube տեսահոսթինգը դատարանի որոշմամբ դարձյալ փակվել է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ապրիլի 4-ի երեկոյան թուրքական դատարանը վերստին վճիռ է կայացրել YoutTube-ի ամբողջական արգելափակումը շարունակելու մասին, հիմնավորելով դա այն բանով, որ YouTube-ից ինչպես հարկն է հեռացված չեն, ըստ թուրքական օրենսդրության, հանցակազմ պարունակող նյութերը:

 

Մարտի 27-ին, թուրքական կառավարության որոշմամբ YouTube տեսակայքը արգելափակվելու դեմ Թուրքիայի փաստաբանների միությունը հայց էր ներկայացրել դատարան' կայքի ամվողջական արգելափակումը վերացնելու պահանջով: Ապրիլի 4-ին դատարանը բավարարել էր ներկայացված հայցը' հանելով տեսահոսթինգի ընդհանուր հասանելիության վրա սահմանված արգելքը և թողնելով միայն մասնակի արգելափակումը որոշ հղումների հասցեով:

 

YouTube-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Թուրքիայի ԱԳՆ-ում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ անցկացված' Սիրիա ներխուժման ծրագրի գաղտնի քննարկման ձայնագրությունը: Թուրքիայի ղեկավարությունը պետական նիստերի գաղտնալսումը և հրապարակումը համարեցին Թուրքիայի դեմ ուղղված լրտեսական քայլ, դավաճանություն, իսկ տեսակայքի արգելափակումը' ազգային անվտանգության ապահովման հարց: Այդուհանդերձ' դատարանի ընդունած որոշման մեջ նշված է եղել, որ կայքն արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր‚ առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորանք պարունակող նյութերի առկայության պատճառով:

 

Դատարանի որոշմամբ ապաարգելափակվել է թուրքական կառավարության կողմից օրերս փակված Twitter սոցիալական կայքը: