ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: ՈՒղերձում ասված է.

 

«Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ' նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին:

 

Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում: Մեծարման արժանի է այն հանգամանքը, որ դուք ձեր արարումներով լավագույնս առանձնացել եք երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գիտության, արվեստի և կրթության ասպարեզում, իսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին անօրինակ հերոսություններ եք գործել ռազմի դաշտում:

 

Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած: Որպես զինծառայողներ' նրանց ձեռքերում է հայրենիքի պաշտպանությունն ու այսօրվա խաղաղությունը, իսկ որպես մայրեր' նրանց ձեռքերում է մեր ժողովրդի ապագան:

 

Այսօր' խաղաղության օրերին, նրանք պատվով են կրում զինվորական համազգեստը, ծառայելով բոլոր զորատեսակներում, հեռու և մոտիկ կայազորներում, շատ բան են անում մեր բանակն առավել հզոր, մեր հայրենիքն ավելի պաշտպանված դարձնելու համար: Բանակը կատարում է մեկ խնդիր: Բայց լինելով հսկայական, բարդ ու նուրբ օրգանիզմ' բանակն այդ խնդիրը կատարում է զինված ուժերում ծառայող ամենատարբեր և ոչ միայն զինվորական մասնագիտությունների տեր աշխատակիցների միջոցով:

 

Զինված ուժերի ղեկավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ հմայք, նվիրական երազանքների իրականացում, ջերմ ժպիտներ և գարնանային բարձր տրամադրություն: Անկեղծորեն ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր»: