Արդեն ավարտվել է վարչապետի թեկնացության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:

 

Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպմանը ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկությունները իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի»:

 

-Ինչպիսին էր այս հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

 

-Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի, բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկվի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը:

 

-Խոսեցիք նոր վարչապետի մասին: Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանի ընտրությունը:

 

-Նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել, մենք ինքերս ասել ենք, որ անձի խնդիր չենք դնում, մենք ծրագրերն ենք կարևորում և այն առաջարկների ընդունումը, որը մենք իրեն ներկայացրել ենք: Կառավարության համապատասխան կազմը, որը կիրականացնի բարեփոխումներ ընդգրկումով և խորությամբ, նույնպես կարևոր է, բայց այս փուլում դրա մասին խոսակցություն տեղի չի ունեցել:

 

-Այս օրերի ընթացքում շատ խոսվեց ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին: Անգամ այն ժամանակ, երբ Դուք հանդիպման էիք, տեղեկատվություն շրջանառվեց, թե կոալիցիոն համաձայնագիր է ստորագրվում:

 

-Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մեր համագործակցության ձևաչափը պայմանավորված է մեր առաջարկած ծրագրի հիմնադրույթներն ընդունելու աստիճանով, դրանից է բխելու ամեն ինչ' մեր տեղն ու դերը այս հարաբերությունների մեջ: Բնականաբար, սա չի նշանակում կոալիցիայի հետ կապված ինչ-որ գործընթաց, մեզ համար դա երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք կոալիցիայի մեջ ենք եղել և դուրս ենք եկել այդ յոթ կետերի մի շարք դրույթներ չկատարվելու պատճառով: Դաշնակցության մոտեցումները շատ հստակ են, և դրանք չեն կարող հակասել Դաշնակցության' մինչ օրս ունեցած քայլերին և արտահայտած տեսակետներին: Մենք միշտ ենք ասել, որ այս պրոցեսում անձերի խնդիր ու կոալիցիա մտնելու հարց չի քննարկվում, այլ երկրում ստեղծված իրավիճակը կտրուկ փոխելու գիտակցումն է, որ կարևոր է, հակաճգնաժամային իրական քաղաքականության և ծրագրված քայլերի մասին է խոսքը գնում:

 

 

Մանրամասները' yerkir.am կայքում: