Լիբանանում սիրիացի փախստականները կազմում են ընդհանուր բնակչության 27 տոկոսը: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհատ Մաշնուքը՝ ավելացնելով, որ այդ թիվն աստիճանաբար աճում է: Նախարարը նաև տեղեկացրել է, որ իրենք ցանկանում են օգնել սիրիացի փախստականներին, սակայն, մյուս կողմից, չեն ցանկանում, որ նրանց մեծ թիվը Լիբանանին խնդիրների առջև կանգնեցնի:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը նշել էր, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Այս ցուցանիշով Լիբանանը փոխստականների թվով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Անտոնիո Գուտերեշի խոսքով' 2012թ. ապրիլին Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում էր 18 հազար, 2013-ին' 356 հազար, իսկ այսօր՝ 1 միլիոն:
Նախորդ տարի ՄԱԿ-ը համաշխարհային հասարակությունից 1,89 միլիարդ դոլար է խնդրել 2014թ. Լիբանանում սիրիացի փախստականներին օգնելու համար: Լիբանանի Նախագահ Միշել Սլեյմանն ավելի վաղ խնդրել էր օգնություն ցուցաբերել Լիբանանին: