Իրանի կառավարությունը չեղյալ է հայտարարել բենզինի պետական սուբսիդիաները, ինչի հետեւանքով երկրում վառելիքի գինը բարձրացել է 75 տոկոսով՝ 16 ԱՄՆ-ի ցենտից մինչեւ 28 ցենտ, տեղեկացնում է BBC-ն:

 

Նշվում է, որ Իրանում հսկայական հերթեր են գոյացել բենզալցակայաններում, բայց իշխանությունների որոշումը ժողովրդական հուզումներ չի առաջացրել:

 

Չնայած այն բանին, որ նույնիսկ գների բարձրացումից հետո իրանական բենզինն ամենաէժաններից մեկն է մնում աշխարհում, սուբսիդիաների չեղարկումը կարող է հարվածել հասարակության չունեւոր խավերին. Իրանում գործազրկության եւ մասամբ զբաղվածների մակարդակը կազմում է 25 տոկոս:

 

Ինչպես ենթադրում են փորձագետները, բենզինի գնի փոփոխումը լուրջ փորձություն կարող է դառնալ նախագահ Հասան Ռոուհանիի համար, որը խոստացել է տնտեսված գումարները ուղղորդել նոր աշխատատեղերի ստեղծմանը: