Ռուսաստանը պլանավորում է Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռների առաջին խմբաքանակը Սիրիային հանձնել մինչեւ 2014 թվականի վերջը եւ 36 մեքենաների վերաբերյալ պարտավորագիրն ամբողջությամբ կատարել 2016 թվականին: Այդ մասին մայիսի 5-ին գրել է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով «Ռոսօբորոնէքսպորտ»-ին մոտ կանգնած աղբյուրի:

 

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ մինչեւ տարեվերջ Դամասկոսը կստանա ինն ինքնաթիռ, հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 12 եւ 15:

 

«Այսպիսով, մենք կկատարենք Յակ-130 36 ինքնաթիռների վերաբերյալ ավելի վաղ ստորագրված պարտավորագիրը»,- ասել է աղբյուրը:

 

Ռուսաստանը քանիցս հայտարարել է, որ Սիրիային, որտեղ 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, մատակարարում է բացառապես պաշտպանողական զենք՝ չխախտելով միջազգային իրավունքի նորմերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: