Ռուսաստանը և ԱՄՆ-ն, չնայած Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններին, ընդհանուր տնտեսական շահեր ունեն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք չենք ձգտում հասնել այն բանին, որ Ուկրաինան բաժանարար լիճ լինի Արևմուտքի և Արևելքի միջև: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան կամուրջ դառնա Արևելքի և Արևմուտքի միջև: Մենք որոշակիորեն համաձայն ենք նախագահ Պուտինի այն կարծիքին, որ մենք կարող ենք տնտեսական համաձայնություններ ունենալ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն, որոնք կներառեն բոլոր խոշոր շուկաները, որպեսզի բոլորն էլ օգուտ ստանան: Այնպես որ դրանում ավելի շատ թեմաներ կան քննարկելու, քան թվում է ճարտասանությունից տաքացած մարդկանց»,- ասել է Քերին Վաշինգտոնում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումից հետո:
«Մենք հույս ունենք գտնել առաջ տանող այն ճանապարհը, որը կհանգեցնի Ուկրաինայի իրադրության լիցքաթափման»,- հավելել է Քերին:
Էշթոնի խոսքով՝ Եվրամիությունը նույնպես ընդունում է Ռուսաստանի շահերն Ուկրաինայում: «Դա վերաբերում է ամուր տնտեսական կապերին: Իրոք, կան ամուր պատմական կապեր: Եվ իրապես պետք է գտնվի այն ուղին, որը կապահովի Ուկրաինայի և Ռուսաստանի խաղաղ գոյակցությունը»,- ասել է Էշթոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: