Բազմաթիվ արվեստագետներ, արվեստասերներ և պարզապես Կոնստանտին Օրբելյանի տաղանդի երկրպագուները մայիսի 11-ին վերջին անգամ հրաժեշտ տվեցին անվանի արտիստին: Կյանքի 86-րդ տարում վախճանված ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգասրահից հնչում էին Օրբելյանի ստեղծագործությունները, որոնք հավաստում էին, որ Օրբելյանը մշտապես կմնա մարդկանց սրտերում:Կոնստանտին Օրբելյանին հրաժեշտ տվեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և պաշտոնատար այլ անձինք: Հրաժեշտի արարողության ընթացքում ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընթերցեց ՀՀ նախագահի ցավակցական ուղերձը:

 

«Մենք կորցրինք հերթական դասական կոմպոզիտորին: Կոմպոզիտորի, ով նվիրումով էր վերաբերում հայ արվեստին, ով մինչև վերջին րոպեն մտածում էր հայ արվեստի, հայ մշակույթի մասին: Մենք կորցրինք մի մարդու, ով գիտակցում էր արվեստի դերը և կարևորությունը: Կորցրինք բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ տաղանդի, փայլուն երաժշտի, ուսուցչի: Ինձ համար շատ ցավալի է, որ նա մեր կողքին չէ: Սա մեր ամենամեծ կորուստներից մեկն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը փաստեց, որ Օրբելյանն այն անձնավորությունն էր, որ իր աննկատ դիտողությամբ կարող էր մեծ օգնություն ցուցաբերել: «Օրբելյանի երգերը և այսօր, և վաղը, և, համոզված եմ, շատ ու շատ տարիներ կհնչեն, որովհետև նրանք հարազատ են մարդուն: Օրբելյանը 36 տարի պահպանեց Հայաստանի էստրադային նվագախումբը, տարավ երաժիշտներին ԱՄՆ, շրջեց 40-ից ավելի երկրներում' ամենուր փառք ու պատիվ բերելով և հաստատելով, որ Հայաստանում ջազը երբեք արգելված չի եղել: Օրբելյանը կա և կլինի' իր երգերում և իր ստեղծագործություններում, նրանց հուշ երում, ովքեր հիշում են նրան»,-ընդգծեց Մարտին Վարդազարյանը:

 

Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի համոզմամբ' մենք կորցրինք հայկական երաժշտարվեստի գիգանտներից մեկին: «Օրբելյանն առաջին հերթին մեծ երաժիշտ էր, որը գրում էր բոլոր ժանրերում: Նա թողեց մեր ժողովրդին բազմաթիվ ստեղծագործություններ և երգեր, որոնք կմնան մեր երաժշտության գանձարանում: Նրա երգերը կատարում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»,-նշեց Երվանդ Երզնկյանը:

 

Երգիչ Արթուր Իսպիրյանը հաճախ է կատարում Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունները: Իսպիրյանի կարծիքով' Օրբելյանը մահը մեծ կորուստ էր ոչ միայն Հայաստանի համար: «Նա սովետական էստրադային բերեց լուսավոր ժամանակաշրջան' անկրկնելի ստեղծագործություններով: Ես մեծ հաճույքով եմ կատարում նրա գործերը: Երիտասարդները պետք է միշտ հիշեն և կատարեն նրա երգերը»,-հավելեց Արթուր Իսպիրյանը:

 

Կոնտանտին Օրբելյանին հրաժեշտ տվեցին ծափողջուններով: Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահից շարունակում էին հնչել նրա ստեղծագործությունները: Անվանի արտիստին hուղարկավորեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: