Միջին Արևելքի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու նպատակով Թուրքիա այցելած Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության անդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում քննարկման թեմա է դարձրել Հայոց ցեղասպանության, Քեսաբի հայության տեղահանության և հայությանը հուզող այլ հարցեր: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

 

Շիֆը Էրդողանի հետ իր առնաձնազրույցի ժամանակ անտրամաբանական է համարել Թուրքիայի վարչապետի այն պնդումը, թե Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել, քանի որ Թուրքիայի տարածքում հայեր են ապրում: Նա շեշտել է, որ այդ պնդումը նման է այն անհիմն մտքին, թե, քանի որ որոշ հրեաներ վերապրել են Հրեական Հոլոքոստը, ուրեմն հրեաների Հոլոքոստ տեղի չի ունեցել: Շիֆը նաև հարցականի տակ է առել Էրդողանի այն պնդումը, թե 1915-1923-ի իրադարձությունների շուրջ կարելի է ազատ քննարկումներ անցկացնել Թուրքիայում, մինչ Հայոց ցեղասպանությունը հաստատող մտավորականները, պատմաբ անները և լրագրողները շարունակ հալածանքի են ենթարկվում և պաշտոնանկ արվում Թուրքիայում:

 

Գյուլի հետ իր հանդիպման ընթացքում Շիֆը շեշտել է, որ իր ընտրատարածքի շրջանում ապրող 80 հազար հայերից յուրաքանչյուրը հայկական ցեղասպանությունից ինչ-որ ձևով տուժել է: «Նրանցից յուրաքանչյուրը ծնող, տատիկ կամ պապիկ, զարմիկ, եղբայր, քույր կամ նույնիսկ ամբողջ ընտանիք է կորցրել: Նրանց ցավն իրական է, ու վերքը լիովին բաց է: Ցեղասպանությունը պատմության մի հուշ չէ: Երբ Դուք կամ վարչապետ էրդողանը հայտնում եք, որ հայերի նման թուրքերն էլ վնասներ են կրել, ապա դա համազոր է այն խոսքին, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիներն էլ են տուժել: Ճիշտ է, որ մեծ թվով գերմանացիներ էլ սպանվեցին, բայց այդ իրողությունը ոչ մի կերպ չի նվաստացնում կամ Հոլոքոստը ուրանալու պատճառ չի հանդիսանում: Նույն տրամաբանությամբ էլ չի կարելի ուրանալ Հայոց ցեղասպանությունը, պարզապես որովհետև մեծ թվով թուրքեր էլ են մահացել: Ասում եք, որ պատմական հանձնաժողով պետք է ստեղծել Ցեղասպանության դեպքերը հաստատելու համար, սակայն նման առաջարկը համազոր է, թե ասվի, որ հանձնաժողով պետք է ձևավորվի Հոլոքսոտի պատմական իրականությունը հաստատելու համար»,-Գյուլին ասել է Ադամ Շիֆը:

 

Նա նաև խոսել է Քեսաբի հայության տեղահանության հետևանքով ստեղծած իրավիճակի մասին, ինչպես նաև փոքրաթիվ քեսաբահայության' Թուրքիա տեղափոխման մասին' միաժամանակ կոչ անելով Անկարայի իշխանություններին Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները տարանջատել Հայաստանի դեմ իրենց պարտադրած շրջափակումից, որպեսզի կարելի լինի առնվազն Թուրքիա-Հայաստան առևտրային հարաբերությունները բնականոն ընթացք վերադարձնել:

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Asbarez-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին, ով Հայոց ցեղասպանության հարցը ուղղակի քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ' պահանջելով արդարության և իրականության բացահայտում: