Կառավարության ներկայացրած նոր օրենսդրական փաթեթը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար կամարատահայտության հնարավորություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ընդգծելով, որ դա խնդրին տալիս է միայն միջանկյալ լուծումներ։

 

«Մինչև նոր օրենքի ընդունումը կուտակային վճարումներ չկատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ այն անձանց համար, ովքեր կատարել են վճարումներ, պետության մասնակցությունը շարունակվելու է և այդ գումարներն աշխատելու են ի օգուտ համակարգի մասնակցի։ Պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարը այս փուլում չի քննարկվում։ Մենք ունենք հստակ օրենսդրական նորմ, որը հնարավորություն է տալիս այն քաղաքացիներին, ովքեր գտնում են, որ այս փուլում իրենց աշխատավարձից չպետք է պահումներ կատարվեն, դիմում ներկայացնելու պարագայում իրենց կամարտահայտությունը հայտնել»,-ասաց Ասատրյանը։ Նա նշեց, որ կարճաժամկետ հատվածում սա է հիմնական խնդիրն, իսկ համակարգի ամբողջական մոդելի հետ կապված օրենքի փաթեթը կմշակվի և կներկայացվի Ազգային ժողով։

 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել գործատուների նկատմամբ տուգանքների կիրառումը, եթե նրանք չեն հաշվարկել և փոխանցել կուտակային վճարները: Միևնույն ժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվում սեփական դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր համակարգի մասնակցությունից, ինչպես նաև ստանալ այն գումարները, որոնք պահվել են գործատուի կողմից, սակայն ֆոնդերին չեն փոխանցվել: