Միասնական և կենտրոնացված քննություններին այս տարի կմասնակցի մոտ 13 հազ. դիմորդ: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Գնահատման և թեսթավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասել է շուրջ 1000-ով:
Արա Իսպիրյանը նաև նշեց, որ այս պահին ստույգ չի կարող ասել, թե որքան է ԼՂՀ-ի դիմորդների թիվը. այդ տվյալները կլինեն մի քանի օրից:

 

«Քննությունները կմեկնարկեն հունիսի 3-ին: Այդ օրը շուրջ 2000 ուսանող քննություն կհանձնի կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաներից: Երկրորդ քննությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ հայոց լեզու առարկայից, իսկ երրորդը՝ հունիսի 10-ին՝ ֆիզիկա առարկայից»,-ասաց նա:

 

Հարցին, թե որ առարկայի քննություն հանձնողների թիվն է ավելացել կամ պակասել, պատասխանեց, որ նախորդ տարվա համեմատ տարբերությունը քիչ է և հիմնականում պատկերը նույնն է:
«Ընդհանուր պատկերը չի փոխվել, ինչպես միշտ՝ հիմնականում գերակշռում են հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա առարկաները հանձնողները»,-ասաց նա: