ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ժողովի հատկացումների հանձնաժողովը մայիսի 23-ին միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը 7-12-րդ դասարաններում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառելու մասին AB 1915 բանաձևին: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը:
Նշենք, որ ապրիլի սկզբին Կալիֆորնիայի նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովը նույնպես միաձայն հաստատել էր AB 1915 բանաձևը, և այժմ այն, հանձնաժողովների հավանությունը ստանալուց հետո, քննարկման է դրվելու է ընդհանուր ժողովում:
«Բանանձևն արդեն դրվելու է ժողովի քննարկմանը, և ես անհամբերությամբ սպասում եմ գործընկերներիս և Հայ դատի ԱՄՆ Արևելյան հանձնախմբի հետ համատեղ աշխատանքներին' ապահովելու կենսական նշանակություն ունեցող այս բանաձևի արագ ընդունումը: Մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը կարևոր բաղադրիչ է, որը պետք է լայնորեն ներառված լինի մեր կրթական ծրագրում: Երկար ժամանակ է պահանջվել այստեղ հասնելու համար, և ես անչափ շոյված եմ այն լայնամասշտաբ աջակցությունից, որ ստացել է բանաձևը»,- նշել է Նազարյանը: