Ստամբուլի հայկական համայնքը 500 աշակերտի համար նախատեսված դպրոց է կառուցում քաղաքի Բաքըրքյոյ շրջանում, որն իր դռները սովորողների համար կբացի արդեն 2014 թվականի սեպտեմբերին: Al Jazeera-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ հայկական համայնքի կողմից դպրոցի շինարարությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջինն է: Նոր կառուցվող հայկական դպրոցը ֆինանսավորվում է համայնքի կողմից:

 

Խոսելով նոր դպրոցի կառուցման անհրաժեշտության մասին այն պարագայում, երբ նույն շրջանում այսօր գործում է հայկական Դադյան դպրոցը, դպրոցին կից Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը նշել է. «Մեր 170 տարեկան դպրոցն արդեն չի բավարարում մեր բոլոր կարիքները: 400 աշակերտ ունենք և ցանկանում ենք նրանց ավելի լավ և ժամանակակից կրթության հնարավորություն տալ»:

 

Նոր դպրոցի անունը ևս լինելու է Դադյան: Շենքը գտնվելու է նախկին դպրոցի և եկեղեցու առջևում: 1750 քառակուսի մետր տարածություն զբաղեցնող դպրոցը հագեցած է լինելու նոր տեխնոլոգիաներով: Այն ունենալու է 300 հոգու համար նախատեսված կոնֆերանսների սրահ, ինչպես նաև մարզադահլիճ:

 

Օսմանյան շրջանում հայերի կողմից կառուցվել և բացվել են բազմաթիվ հայկական դպրոցներ, որոնք, սակայն, հետագա տարիներին աշակերտների թվի նվազման, ինչպես նաև նյութական դժվարությունների պատճառով մեկը մյուսի հետևից փակվել էին: Ներկայում Ստամբուլում գործում է 19 հայկական դպրոց, որոնցից 6-ը պատկանում է տեղի կաթոլիկ հայ համայնքին: Դպրոցներում սովորող երեխաների թիվը հասնում է 3 հազարի: