Հայ առաքելական եկեղեցին մայիսի 29-ին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու հիշատակությունը:

 

Հրաշափառ Ս. Հարությունից 40 օր հետո մեր Տեր Հիսուս Քրիստոս համբարձվեց երկինք: Այդ իրողությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է առանձնակի ցնծությամբ: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Համբարձման տոնն ունի 35 օրվա շարժականություն' ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը, և միշտ նշվում է հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր երևում էր Իր աշակերտներին և այդ ընթացքում Իր վարդապետությունն էր ուսուցանում նրանց: Վերջին հանդիպման ժամանակ օրհնեց ու պատգամներ տվեց առաքյ ալներին, որից հետո համբարձվեց երկինք: Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով, որոշ վայրերում այն կոչում են Ջանգյուլում: Հնում Համբարձման օրվա ժողովրդական տոնակատարություններն սկսվում էին նախորդ չորեքշաբթիից: Որոշ շրջաններում այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

 

Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և հենց ապաստանում սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից ու շուտափույթ բժշկվում:

 

Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն, ըստ ժողովրդի, ունի բուժիչ հատկություն: Մարդիկ հավատացած են, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու հիշատակությունը

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում էր հանգրվանել Հայրապետական Աթոռը: Վաղարշապատում գումարված ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ 1441 թվականի Համբարձման տոնին Հայրապետական Աթոռը վերահաստատվեց լուսավորչահիմն Սուրբ Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, և որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն բաշխվում է այ ն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին: Ի հիշատակ պատմական այդ օրվա' Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում կատարվում է Հայրապետական մաղթանք: Սուրբ Էջմիածնում հավարտ Ս. Պատարագի մաղթանքը կատարվում է Իջման Ս. Սեղանի առջև:

 

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները մայիսի 28-ին կազմակերպել են ուխտագնացություն դեպի Արայի լեռան ստորոտում գտնվող Ս. Վարվառայի մատուռ: Այնտեղ հավաքելու են ծաղիկներ, որոնցով նույն օրը երեկոյան Թումանյանի թանգարանի բակում քահանայի օրհնությամբ մեծ պսակ են հյուսելու:

 

Մայիս 29-ին բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի Զորավոր Ս. Աստվածածաին եկեղեցու բակում կատարվելու է ծաղկահյուս պսակների ու կաթնապուրի օրհնություն: Այնուհետև երիտասարդները թափորով քայլելու են դեպի Թումանյանի թանգարան՝ Ճանապարհին անցորդներին բաժանելով կաթնապուր: Երիտասարդների հարցերին պատասխանողները կարժանան նաև օրհնված պսակների: