Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել Ադրբեջանի իշխանություններին խստորեն քննադատող հայտարարությամբ' կապված Ժողովրդավարության ուսումնասիրման և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավարների նկատմամբ դատարանի կայացրած ազատազրկման վճռի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:
«Այս ձերբակալությունները լուրջ հետընթաց են Ադրբեջանի ժողովրդավար զարգացման գործում: Լինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը' մենք հավատում ենք, որ երկրի ապագա կայունության ու զարգացման համար ամենակարևոր քայլը կլինի բաց հասարակության համար հնարավորությունների ստեղծումը»,- ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը մայիսի 27-ին դատապարտել էր Ժողովրդավարության ուսումնասիրման և ընտրությունների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիին 5.5 տարվա, գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըին' 3.5 տարվա ազատազրկման: Վերջիններիս մեղադրանք էր ներկայացվել հարկերը վճարելուց խուսափելու, դրամական միջոցներ շորթելու, պաշտոնի չարաշահման մեջ: