Եվրոպան պատասխանատվություն է կրում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին գերմանական Der Spiegel շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լե Պենը: «Ես հանդես եմ գալիս Ուկրաինայի դաշնայնացման օգտին: Եվրոմիությունը յուղ լցրեց կրակի վրա, տնտեսական համագործա կցություն առաջարկելով մի երկրի, որի բնակչության կեսը նայում է դեպի Արևելք»,-ընդգծել է նա:

 

Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդի խոսքերով, Եվրոպայում «ԱՄՆ-ի հանձնարարականով Ռուսաստանը ներկայացվում է ոչ ցանկալի լույսի ներքո»: Նրա պնդմամբ, «Հին աշխարհի» երկրները «պետք է ունենան իրենց սեփական դիրքորոշումը, այլ ոչ թե ամեն ինչին նայեն ԱՄՆ-ի աչքերով»: «Ամերիկանցիները փորձում են մեծացնել աշխարհում իրենց ազդեցության շրջանակը, և ամենից առաջ Եվրոպայում: Նրանք հետապնդում են իրենց շահերը, այլ ոչ թե մեր»,-ասել է Լե Պենը: Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը իր մոտ « որոշակի հիացմունք է առաջացնում», քանի որ Պուտինը «չի թույլատրում այլ երկրներին իրեն որոշումներ պարտադրել»: «Իմ կարծիքով, նա առաջին հերթին պաշտպանում է Ռուսաստանի և ռուս ժողովրդի շահերը»,-ընդգծել է Մարին Լե Պենը:

 

Ֆրանսիայի նախորդ նախագահական ընտրություններում Մարին Լե Պենը հավաքել Էր ձայների 17,9 տոկոսը եւ զբաղեցրել երրորդ տեղը՝ զիջելով Ֆրանսուա Օլանդին ու Նիկոլա Սարկոզիին: