Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ակտիվի հավաքում ամերիկյան CNN լրատվամիջոցի թղթակցին մեղադրել է Թուրքիայի դեմ լրտեսության մեջ: Ինչպես հաղորդում է ամերիկյան Global post հրատարակչությունը, թուրք վարչապետն ասել է, որ ամերիկյան հեռուստաալիքի լրագրողները «նպատակային կերպով կրքերը բորբոքել են, եւ դա անցյալ չորեքշաբթի Թաքսիմ հրապարակում դիմակայության պատճառ է դարձել»:

 

«Միջազգային ԶԼՄ-ները Ստամբուլ են եկել սադրիչ եւ ուռճացված ռեպորտաժներ պատրաստելու համար, բայց վերադարձել են ձեռնունայն», -հայտարարել է Էրդողանը:

 

Ամերիկյան հրատարակչությունը հայտնել է, որ չորեքշաբթի Ստամբուլի Թաքսիմ հրապարակից, որտեղ հակակառավարական զանգվածային բողոքի ակցիա էր տեղի ունենում, թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել CNN-ի թղթակիցներին եւ մեղադրել լրտեսության մեջ: «Թուրքիայի ոստիկանության հրամանատարը կես ժամ հետո մեզ ազատ արձակեց: Սպան ինձնից ներողություն խնդրեց մի այլ սպայի կողմից ինձ հասցված աքացիի համար», -Twitter-ի իր էջում գրառել է հեռուստաալիքի թղթակից Այվեն Ուոսթոնը:

 

Չորեքշաբթի երեկոյան Էրդողանը հայտարարել է, որ Ուոսթոնը Թուրքիա է եկել «քաոս ստեղծելու» համար եւ նրան անվանել «գործի մեջ բռնված լակեյ»:

 

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների, մասնավորապես' CNN-ի կողմնապահության առնչությամբ Էրդողանի մեղադրանքը' նշելով, որ CNN-ն անկախ լրատվամիջոց է:

 

«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայում խոսքի ազատությանը, ինչն ամերիկացի թղթակցին թույլ է տալիս լուսաբանել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունները», -ասել է Մարի Հարֆը: