«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված «Video I made for my friends» հղումն ունի թուրքական ծագում և նախատեսված է միայն հայ օգտատերերի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Նրա խոսքով, նշված վիրուսը եվրոպական երկրներում չկա, և դրա թուրքական լինելու մասին է վկայում այն կարևոր հանգամանքը, որ հղումով գնալու դեպքում օգտատերերն անկախ իրենց կամքից «լայքում» են թուրքական էջեր: «Միայն հղումի վրա «քլիք» անելիս վիրուսը չի փոխանցվում համակարգչին: Վիրուսը փոխանցվում է այն պարագայում, եթե օգտատերը կատարում է պահանջվող գործողությունները և ներբեռնում այն: Այս դեպքում համակարգիչ է ներթափանցում «Տրոյան» տեսակի վիրուսը, որը համակարգչից գողանում է տեղեկատվությունը' փոխանցելով այն թուրք հաքերներին: Ներկայումս յուրաքանչյուր երկրորդ օգտատեր վարակված է այս վիրուսով, սակայն դժվարանում եմ գնահատել, թե ինչ քանակի տեղեկատվություն է հոսել դեպի թուրքական հաքերների ձեռքը»,-ասաց Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ վարակվածների մեծ մասն այն օգտատերերն են, ովքեր չեն ունեցել հակավիրուսային ծրագրեր, իսկ մյուս մասն էլ նրանք են, ովքեր անջատել են անտիվիրուսը, որպեսզի համակարգիչն արագ աշխատի: Սակայն կա նաև այլ խնդիր, քանի որ որոշ հակավիրուսային ծրագրեր, ինչպիսիք են SimanTech-ը և Doctor Web-ը, չեն որսում այդ վիրուսը:

 

Փորձագետը համացանցից օգտվողներին խորհուրդ տվեց զբաղվել իրենց «հիգիենայով», քան թե փորձել քարոզչական նյութեր տարածել: «Բնականաբար, կա նաև լուսավոր կետ այն հանգամանքի մեջ, որ մարդիկ փորձում են հակամարտել հակահայ քարոզչության դեմ, քանի որ այսօր միջին օգտատիրոջ տեղեկատվության աղբյուրը հենց սոցցանցն է, և եթե ինչ- որ մեկն ունի արտասահմանցի ընկեր և նրան կարողանում է հասցնել ճիշտ տեղեկատվություն, դա շատ ավելի ազդեցիկ է, քան ինչ-որ թերթում հրապարակում պատվիրելը: Դու կարող ես ունենալ այդ հարապարակումը, սակայն չկարողանանս տեղ հասնել, քանի որ դա հասարակ մարդիկ են անում»,-ասաց Մարտիրոսյանը: Նա խորհուրդ տվեց ուշադիր լինել' պատահական հղումների վրա սեղմելիս: