Հայ առաքելական սուրբ եկեղեցին զորակցում է հակամարտությունները խաղաղ կարգավորելու բոլոր ջանքերին' դատապարտելով ցանկացած բռնարարք, որ իրականացվում է հանուն հավատքի ու Աստծու անունից: Այս մասին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովի ընթացքում: «Այս տարվա գարնանը Սիրիայի Քեսաբ շրջանը, որ մեծ մասամբ կառուցվել ու բնակեցվել է հայերի կողմից, Թուրքիայի աջակցությամբ և նրա բանակի անմիջական մասնակցությամբ գրավվեց արմատական խմբավորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչներն աքսորվեցին: «Ներկայումս շարունակվում է Թուրքիայի աջակցությունը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից ավիրվում են հայկական թաղամասերը Հալեպում ու Դամասկոսում: Թուրքիայի այս քայլերը մեր ժողովուրդն իրավացիորեն գնահատում է որպես Ցեղասպանության քաղաքականության շարունակություն»,- հայտարարեց Գարեգին Բ կաթողիկոսը:
Նա նշել է, որ հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ընթացքում ճաշակելով պատերազմների ու տարագրության դառնությունը, գիտի խաղաղության արժեքը: «Այսօր, երբ կանգնած ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, կարող ենք հաստատել, որ չորս սերունդների հերթափոխը մոռացության չի մատնել մեր ժողովրդի կրած կորստի ու տեղահանության ցավը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Նրա խոսքով' այդ նույն ապրումներն ու զգացումները վերստին արձագանք գտան քսանհինգ տարի առաջ, երբ Ղարաբաղի հայերը հայտնվեցին իրենց հայրենի հողից արտաքսվելու վտանգի առջև: Հայ ժողովուրդը հաստատուն է հակամարտությունները խաղաղ ճանապարհով վճռելու դիրքորոշման մեջ: «Այսօր Ղարաբաղում մեր ժողովուրդն ազատության և անկախության համար պայքարում է դիվանագիտական ճանապարհով, նույնիսկ երբ դեռ չենք հանդիպել հակառակ կողմի նույն հանդուրժող ոգուն: Նույն համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մերժման փաստին: Արձանագրությունների' առանց նախապայմանների վավերացման դեպքում Հայաստանի ու Թուրքիայի միջև պիտի հաստատվեին բնականոն հարաբերություններ' ի նպաստ տարածաշրջանում խաղաղ զարգացումների: Խաղաղության ձգտումն ու համոզմունքը քրիստոնական հավատքի ոգին է և բազմադարյա մեր ժառանգության արդյունք: Մենք ուրախ ենք, որ Սիրիայում ապրող քրիստոնյաների և պատերազմի դժվարությունները կրող բոլոր մարդկանց վիճակը կարեկցանքի և մարդասիրության դրսևորմամբ, խաղաղության հասնելու ձգտումով քննարման առարկա է պետական ու հասարակական տարբեր հարթակներում»,- հայտարարեց Վահափառ Հայրապետը:
«Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով համաժողովը համայն հայության հոգևոր մայրաքաղաքում' Էջմիածնում է մեկտեղել Մերձավոր Արևելքի, Սիրիայի, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպայի տարբեր երկրների և ԱՄՆ-ի Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչների: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը: Կարծարծվեն «Քաղաքական զարgացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր: