ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բիզնես հետաքրքրությունների մասին հանրությունը նոր չէ, որ տեղյակ է: Փափկասուն տիկնոջ անգամ հայտարարագրված ունեցվածքն օլիգարխիկ երանգներ է մտցնում նրա «անբասիր» պատգամավորական գործունեության մեջ:Ասենք, օրինակ, 2012 թվականին Հերմինե Նաղդալյանի տարվա եկամուտը կազմել է 781 մլն 548 հազար դրամ է (3 մլն 153 հազարը' պատգամավորի աշխատավարձ, մնացածը` շահաբաժին և փոխառություն): Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դ. Բեգլարյանը, ևս վատ փողատեր չէ: Օրինակ` 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ և 850 հազար դոլար եկամուտ: Նրա դրամական միջոցները 2011թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները' 3 մլն 661 հազար 95 դրամ: Ամուսինների հսկայական գույքային կարողությունների մասին ավելորդ ենք համարում նշել:

 

Սրանք պաշտոնական թվերն են: Եթե ի նկատի ունենանք, որ մեր պատգամավորները փող աշխատում են բացառապես Գաբրիելից հրեշտակ լինելու մասին տեղեկանք ներկայացնելուց հետո, կարելի է ենթադրել, որ այդ թվերը բազմապատիկ ավելին են, այնքան ավելին, որ տիկինը սկսել է դրսևորել բացարձակապես օլիգարխիկ վարքագիծ: Իր վարքով ու բառապաշարով ԱԺ չարաբաստիկ փոխնախագահուհին այնքան է անցել սահմանները, որ Շմայսը, Մհեր Սեդրակյանը և մեր մյուս քաջազունները բարեկրթության բարձրագույն լեգեոնի ասպետներ են թվում:

 

Իսկ փափկասուն տիկնոջ դրամապանակի համալրման նոր դեպքի մասին օրերս տեղեկացրել էր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը՝ Hetq.am-ը, որն անդրադարձել էր ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին՝ հայտնելով, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների «մենաշնորհը» հենց Նաղդալյանի այս ընկերությանն է:

 

PressIdent.am-ի լրագրողը փորձել է տիկնոջից պարզաբանումներ և մեկնաբանություն ստանալ հոդվածում հրապարակված փաստերի վերաբերյալ, մասնավորապես` ինչպես է պատահում, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ է անընդմեջ կնքվում մոտ 452 մլն դրամի յուղոտ պայմանագիրը:

 

Տիկինը, որը, հուսանք, ներգործող նյութերի ազդեցության տակ չի եղել, անմիջապես կրկնել է իր հոգևոր եղբայր Շմայսի վարքագիծը, ձեռքով փակելով ձայնագրիչը` հոխորտացել է՝ մամուլում քեզ նման մի անգրագետ է գրել: Այնուհետև սկսել է կցկտուր արդարանալ և բարբառել, որ պաշտոնյան իրավունք ունի բիզնեսով զբաղվել:

 

Օդային պաչիկների այդ մասնագետը, որը երբևէ գրագիտությամբ աչքի չի ընկել, վիրավորել է լրագրողին, որը, մեծ հաշվով, լավություն էր անում հենց կիսաշրջազգեստավոր սեփականատիրոջը՝ հնարավորություն տալով պատասխանել մամուլում իր հասցեին հնչող քննադատությանը: Սակայն, ունենալով բանականության հետ ակնհայտ անհամատեղելի մակարդակ, Նաղդալյանը հարձակվել է լրագրողի վրա և նրան անվանել անգրագետ: Ցավալի է, իհարկե, որ դրամապանակը տռզացրած գեղջկուհին բացառապես վզի տրամաչափով է մտածում և այնքան է շփացել, որ իր մասնագիտական պարտքը համեստորեն կատարող, իրեն պատասխանի հնարավորություն ընձեռնող լրագրողին վիրավորում է, առավել ցավալի է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հովանավորել ապագայի այդ լյուբիկչիբուխչյաններին:

 

Այս գործչին բնութագրող ամենաթարմ պատմությունը, թերևս, շատերն են հիշում, երբ ինքնակամ բազմեց նախագահի աթոռին և իր չտեսության պատճառով ծիծաղի առարկա դարձավ հանրապետությունում: Ազգային ժողովի ամբիոնում, արարողակարգի համաձայն, դրված է չորս աթոռ՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և նրա երկու փոխնախագահների համար: ՀՀ և ԱԺ նախագահների աթոռները տարբերվում են մյուս երկուսից՝ ոսկեզօծված են և նախատեսված են բացառապես երկրի երկու առանցքային պաշտոնյաների համար: Բայց փափկասուն տիկինը չի կարողացել դիմադրել իր վաղեմի երազանքին՝ նստելու ՀՀ նախագահի աթոռին (այստեղից - այնտեղից մի քանի կոպեկ փախցրած ցանկացած պատգամավոր այդպիսի երազախաբություններ է ունենում):Նաղդալյանը վերցրել և իր համար նախատեսված վայրում տեղադրել էր Սերժ Սարգսյանի աթոռը՝ նրա փոխարեն դնելով իրենը: Իհարկե, փաստի հրապարակումից հետո շատ շտապ փշրեցին նրա մանկական բյուրեղյա երազանքը և ինքնակոչ նախագահի գլուխը թավալվեց գորգի վրայից, սակայն առաջինը լինելու նրա ձգտումները հետագայում արտացոլվեցին ասֆալտ փռելու և երթուղային գծեր նվաճելու ճակատամարտերում:

 

Լավ կլիներ, որ ԱԺ սույն փոխնախագահի գեղցիական վարքագիծը ժամանակին կանխվեր, որպեսզի այսօր չշարունակեր գլխավորեր սկանդալային վարքագծով պաշտոնյաների հիթ-շքերթը: Իսկ որ առաջիկայում մենք Նաղդալյանին իր վարքագծի համար կբարձրացնենք իրեն համապատասխան հիթ շքերթների ամենաբարձր հորիզոնականներ՝ դրանում կասկած չի կարող լինել...

 

Բարի վայելում...