Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն արձագանքել է ՕԵԿ-ի և Ագրարային համալսարանի միջև տարածքի համար վեճի մասին խոսակցություններին: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին' պատասխանելով լրագրողի հարցին, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք 2008 թվականից բոլոր համապատասխան փաստաթղթերի առկայությամբ օգտագործել եւ կառուցել են այդ դահլիճը: «Ակնհայտ ապատեղեկատվություն է, մեկ գրում են ութ հարկանի շենք է կառուցվում, մեկ գրում են հեռուստաընկերություն է կառուցվում: Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք ութ տարի, օգտագործելով ու կառուցելով այդ դահլիճը, ընդամենը վերանորոգել ենք դահլիճը' ունենալով բոլոր փաստաթղթերը»,- նշեց պատգամավորը:

 

Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ այլ խնդիր է, որ երկու տարի առաջ, անհասկանալի պատճառներով 18 հազար քառակուսի մետր տարածքի հետ մեկտեղ համալսարանի տնօրինությանը հատկացվել է այդ 256 քառակուսի մետրը, բայց չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև իրենք ունեն այդ տարածքի վկայականը' կադաստրի կողմից տրված, քաղաքապետարանի կողմից որոշում, շինթույլտվություն, որի արդյունքում կառուցվել է այդ դահլիճը:

 

Մարգարյանը հավելեց, որ դահլիճի ներքևում ավտոկայանատեղի կա, և ՕԵԿ-ը ունեցել է իրավունք' դա ապամոնտաժելու, ինչն իրենք չեն արել' ընդառաջելով: Մարգարյանը նշեց, որ իրենք դիմել են դատախազություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է իրենց պատկանող տարածքը հանկարծ հայտնվել Ագրարային համալսարանի տնօրինության տակ: