ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 13-ին հայտարարել է, թե սխալ է թույլ տվել՝ ժամանակին պաշտպանելով Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու գաղափարը:
«Ես սխալվել եմ, երբ քվեարկել եմ Իրաքում պատերազմ սկսելու օգտին»,- ասել է նա ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում:
Իրաք ԱՄՆ-ի զինված ներխուժումը տեղի է ունեցել 2003 թվականին և հանգեցրել է Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման: Իրաք ներխուժման հարցի քննարկման շրջանում Հիլարի Քլինթոնը սենատոր էր Նյու Յորքի նահանգից: Այն ժամանակ ամերիկյան վարչակազմը պնդում էր, թե Իրաքի ղեկավարությունն իբր համագործակցում է ծայրահեղականների հետ և զանգվածային բնաջնջման զենք է արտադրում: Հետագայում այդ մեղադրանքների հաստատումներ գտնել չհաջողվեց, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: