ՀՀ վերահսկիչ պալատի պատասխանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գործընթացն իրականացրել է ՀՀ գնումների մասին օրենսդրությանը համապատասխան» հոդվածի մասով Վերահսկիչ պալատը հայտնում է'
1. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նշում է, որ գնման գործընթացը իրականացվել է օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով, մինչդեռ ՀՀ վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունում և միջանկյալ արձանագրությունում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական պայքարի իրականացման համար անցկացված մրցույթի' ՀՀ օրենսդրության համապատասխանությանն անդրադարձ չի կատարվել: ՀՀ վերահսկիչ պալատը արձանագրել է, որ հրավիրված 21 ընկերություններից ոչ մեկը չունի ինքնաթիռի, դելտապլանի, ուղղաթիռի կամ համարժեքի շահագործման իրավունք, իսկ միակ հայտատուն էլ ծառայությունների մատուցման համար պայմանագիր է կնքել «Արմ աէրո» ՓԲԸ-ի հետ' համապատասխան տեխնիկայի ապահովման նպատակով:
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նշված' կատարողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքնագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հաշվետվության մեջ չանդրադառնալու մասով պետք է նշել, որ, 2012թ.-ին «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ն չի համարվել ԱԱՀ վճարող կազմակերպություն: ԱԱՀ հաշվարկվել է միայն վերջին հաշիվ-ապրանքագրով սահմանված 3,750,150 գումարի մասով' 625,025 դրամ ԱԱՀ-ի գումար (ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ԱԱՀ վճարող համարվելու շեմը գերազանցող գումարի մասով): Ընդ որում' «Արմ Աէրո» ՓԲԸ-ի կողմից կատարողին ներկայացված հաշիվ-ապրանքագրից գոյացած 7,200,000 ԱԱՀ-ի գումարն ամբողջությամբ դեբետագրվել է (համարվել է «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի կողմից վճարման ենթակա ԱԱՀ-ից պակասեցվող գումար): «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի և «Արմ Աէրո» ՓԲԸ-ի պայմանագրերի ուղղակի տարբերությունը կազմել է 18,900,000 դրամ, իսկ «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի 2012թ.-ի շահութահարկի հաշվետվության համաձայն' ընկերության հայտարարագրած շահույթը կազմել է 16,293,607 դրամ:
2013թ.-ի համար ընկերության կողմից դուրս գրված և հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 11,678,830 դրամ, իսկ «Արմ աէրո» ՓԲԸ-ի կողմից դուրս գրված և հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 7,243,833 դրամ: Հաշվի առնելով նաև, որ 2012թ.-ից առկա էր ԱԱՀ-ի դեբետային մնացորդ (որի հաշվանցման օրինականությունը պետք է պարզվի հարկային մարմինների կողմից), հետևաբար ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտություն չի առաջացել:
3. Ընկերությունների կողմից աշխատանքների բաժանման մասով պետք է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատը, ինչպես միջանկյալ արձանագրության, այնպես էլ' ընթացիկ հաշվետվության մեջ նշել է ընկերությունների միջև աշխատանքների բաժանման մասին, միաժամանակ ՎՊ-ն արձանագրել է, որ «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից: «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցներն ընդունվել են աշխատանքի' միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ծառայությունների մատուցման ժամանակահատվածի համար, և նրանց մի մասը հանդիսանում են' վառելիքաքսուկային նյութերը, սրսկիչով համալրված ուղղաթիռը, ինչպես նաև' ավիացիոն շահագործման համար անհրաժեշտ անձնակազմն ապահովող «Արմ Աէրո» ՓԲԸ-ի աշխատակիցները:
4. Նախարարության կողմից կատարված դիտարկումների և կատարողի կողմից վճարված 10,700,000 դրամ հարկերի մասով. Նշված հարկերի գումարը հիմնականում առաջացել է միջնորդավորված ձեռքբերում իրականացնելու հետևանքով. մասնավորապես' «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի կողմից ստացված շահույթի շահութահարկ, աշխատակիցների (որոնց մի մասը հանդիսանում է «Արմ աէրո» ՓԲԸ-ի աշխատողներ) համար վճարված եկամտահարկ և սոցվճարներ «եկամտային հարկ», տնօրենի կողմից իր ավտոմեքենան ընկերությանը վարձակալությամբ հանձնելու ամսական' 350.0 հազ. դրամ արդյունքում առաջացած եկամտահարկ և այլն:
5. Ընդհանուր առմամբ ՀՀ վերահսկիչ պալատը առաջարկել է.
Ձեռնարկել միջոցներ' մրցույթների և գնումների գործընթացում շուկայի առավել բազմակողմանի վերլուծության իրականացման ուղղությամբ' պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը և տնտեսումը ապահովելու նկատառումներով, հնարավորության սահմաններում ձեռքբերումն իրականացնելով անմիջապես արտադրող և/կամ ներմուծող կազմակերպություններից: