Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերի երկրորդ օրը ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել ու սպառնալիքների լեզվով խոսել հայկական պատվիրակության անդամների հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, սեմինարի ժամանակ հայ պատգամավոր Թևան Պողոսյանի' Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ արած հայտարարություններին ի պատասխան վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասքերովը սպառնալիքներ է հնչեցրել Պողոսյանի հոր հասցեին:
Ասքերովը հայտարարել է, թե Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել Թևան Պողոսյանի հոր գործով' կապված Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության հետ, եւ իբր շատ շուտով «Ինտերպոլը կգտնի և կպատժի նրան»:
Ի պատասխան ադրբեջանական կողմի ստերի և սպառնալիքների' հայ պատվիրակը հայտարարել է. «Ես հպարտ եմ այն ամենով, ինչ հայրս արել է… Նա ինձ սովորեցրել է սիրել իմ երկիրը»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հայկական պատվիրակության հետ միասին Բաքու մեկնած քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա ՆԱՏՕ-ի ԽՎ-ում տեղի ունեցողն անվանել է «ողբերգական ֆարս»: «Լեզվակռիվն» այն աստիճան է թեժացել, որ ադրբեջանական պատվիրակությունը պահանջել է հայերին վտարել ՆԱՏՕ-ի ԽՎ-ից: