ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Ողջունելով հյուրերին' ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդ ման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով' Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են և անշրջելի: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին ԵԽ անդամ երկրների և ԵԽ օրակարգային հարցերին, և մեր երկրի համար լրացուցիչ հնարավորություն էր կազմակերպությունում ակտիվ ներդրում ունենալ օրակարգային հարցերում և գործընթացներում: Նրա գնահատմամբ' Հայաստանի նախագահությունը հաջող ընթացավ, հավասարակշռված, բոլոր անդամ երկրն երի հետ երկխոսության սկզբունքով, ինչը ցավոք չի կարելի ասել ներկա նախագահողի մասին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալան Միլը Գալուստ Սահակյանին է փոխանցել Բրիտանիայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը և վստահություն հայտնել, որ միասնական ջանքերով համատեղ աշխատանքի արդյունքում հաջողություններ կգրանցվեն: Աքսել Ֆիշերը կարևորել է Հայաստան-ԵԽ համագործակցության խորացումը և նշել, որ իրենք պատրաստակամ են աջակցել և սատարել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացում: Համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությունը:

 

Անդրադառնալով ընտրական համակարգի բարեփոխումներին' ԱԺ նախագահը նշել է, որ ԵԽԽՎ և միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն ուշադրությամբ ուսումնասիրվել են և ընթացք կստանան ընտրական գործընթացների կատարելագործման աշխատանքների ժամանակ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալով, Գալուստ Սահակյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով և գործընթացը ՀՀ նախագահի կողմից ձեռնարկվել է' ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով' սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո' Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:

 

ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծման հանձնառությունը: «Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի պատրաստակամությունը: Շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը, ինչպես նաև փոխվստահության վերականգնմանն ուղղված ծրագրերի խափանումը' ներառյալ ԵԽ շրջանակներում»,-ասել է ԱԺ նախագահը: Նա կարևորել է Եվրոպայի Խորհրդի դերը կողմերի միջև տարբեր մակարդակներով փոխվստահության մթնոլորտի ձևավորման և լարվածության թուլացման հարցում ու առաջարկել նախաձեռնել ուղիղ շփումներ Արցախի և Արցախի ժողովրդի հետ: Հիշեցնելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս պատմական ողբերգությանը և ևս մեկ անգամ կտա իր արժանի գնահատակը:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին, այլընտրանքային ծառայությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: