Այս տարի բուհեր ընդունվողների թիվը փոքր-ինչ քիչ է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Դիմորդների թիվը պակասել է ժողովրդագրական խնդիրների պատճառով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Մելիք-Բախշյանն ընդգծեց, որ այս տարի քննություններին մասնակցելու համար հայտագրվել է 12 հազար դիմորդ:

 

«Համեմատած նախորդ տարվա հետ' թիվը մոտ 2,5-3 հազարով պակաս է: Դա, իհարկե, իր ազդեցությունն է թողել բուհերում ուսանողների թվաքանակի վրա, սակայն, ի ուրախություն մեզ, մեր դիմորդների թիվն այնքան էլ չի պակասել: Նախորդ տարի ունեինք 1680 դիմորդ, իսկ այս տարի' 1620: Տարբերությունը չնչին է: Մենք այդքան էլ չենք տուժել, իհարկե, կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդները ավելի ակտիվ են: Հումանիտար մասնագիտությունների գծով դիմորդների պակաս չենք ունեցել, սակայն ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով որոշակի առումով «կաղում ենք»: Հուսանք, որ հայտերի երկրորդ , երրորդ կամ էլ չորրորդ կետերի հիման վրա կունենանք ուսանողներ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը:

 

Բանախոսն ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանում այս տարի նոր մասնագիտություններ չկան, սակայն երկու տարի առաջ բուհում բացվեց հագուստի մոդելավորման բաժին, որը դիմորդների պակաս չունի:

 

«Առաջնային խնդիրը բոլոր բուհերի համար ուսանող ունենալն է և որակ ապահովելը, որովհետև այսօրվա գործատուն պահանջում է որակյալ մասնագետներ»,-ընդգծեց Մելիք-Բախշյանը:

 

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը նշեց, որ կան մասնագիտություններ, որոնց գծով դիմորդների քանակը պահպանվում է' նախորդ տարիների հետ համեմատած: Դրանք են տնտեսագիտությունը, իրավագիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտությունները: «Վերջնական արդյունքներն ավելի պարզ տեսք կունենան քննությունների ավարտին: Շատ պահանջարկ ունի մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետը»,-ընդգծեց Աղաբաբյանը:

 

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտորն ընդգծեց, որ ընդունելության շեմը հաճախ իջեցվում է, շատերն են ընդունվում բուհեր, և որակական առումով խնդիրներ են առաջանում: «Տաղանդավոր երեխաների համար պետք է լավ պայմաններ ստեղծվեն, հակառակ դեպքում կունենանք ուղեղների արտահոսք»,-նշեց Աղաբաբյանը:

 

Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ից' «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներով: Այդ քննություններին մասնակցել էր շուրջ 1800 դիմորդ: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին. վերջին քննությունը «Ռուսաց լեզվից» է: