Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հրավիրած համագումարի ժամանակ հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը: Կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարել է, որ կուսակցության բոլոր անդամների ստորագրությամբ միաձայն որոշում է կայացվել նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս լուրը հայտարարելու ժամանակ Էրդողանի կինը և փոխվարչապետ Բյուլենթ Արընչը չեն կարողացել զսպել արցունքները:
Էրդողանի մյուս մրցակիցներն են ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն, ինչպես նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին: Առաջին անգամ նախագահին կընտրեն ժողովրդական քվեարկության միջոցով: Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուն չկարողանա հավաքել ձայների 51 տոկոսը, ապա օգոստոսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը:
Ընտրություններից առաջ անցկացված բոլոր սոցհարցումները ցույց են տվել, որ առաջատարը Էրդողանն է, ով ընտրությունների հենց առաջին փուլում կհավաքի պահանջվող քվեները: