Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով այցելել է Էրեբունի վարչական շրջան: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Նոր Արեշ 127/3 հանրակացարանային շենքի հարակից տարածք, մասնակցել բակի բացման հանդիսավոր արարողությանը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել ու ծանոթացել է կատարված աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում տարածքը հիմնովին բարեկարգվել է և ապահովվել բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Բակը կահավորվել է զրուցարաններով ու նստարաններով, խաղահրապարակի առանձնացված հատվածն էլ՝ մանկական խաղերով ու մարզագույքով: Տարածքում անցկացվել է նաև ոռոգման նոր ցանց, և արդեն աշնանը այստեղ կկազմակերպվի ծառատունկ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքների մեկնարկից ակտիվ համագործակցություն է եղել բնակիչների հետ: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի կանաչապատման աշխատանքներին և ակտիվացնել այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերը:

 

«Եթե 2013 թվականին բարեկարգվեցին 400 բակեր, ապա արդեն այս տարի, մեր խոստմանը համաձայն, կբարեկարգվի ու բնակիչներին կհանձնվի շուրջ 600 բակային տարածք: Սա իսկապես մեծ ու կարևոր ձեռքբերում է Երևանի ու երևանցիների համար: Առաջնորդվելով նույն աշխատաոճով՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին բակերի բարեկարգման խնդիր մայրաքաղաքում այլևս չենք ունենա: Բակերի բարեկարգման ծրագրում մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, և հենց այդ նպատակով ընթացող բոլոր աշխատանքներում մենք շեշտը դնում ենք բնակիչների կարծիքները լսելու և նախագծերում դրանք ներառելու վրա, ինչը քաղաքացուն գործընթացի անմիջական մասնակիցն է դարձնում և ապահովում առավել արդյունավետ աշխատանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետին՝ բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի՝ իրենց համար արդեն իսկ նկատելի համաչափության պահպանումը խոսում է Երևանի զարգացման տեսանելի առաջընթացի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ Էրեբունի վարչական շրջանում է գտնվում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, անդրադարձել է հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա ծրագրին՝ ընդգծելով, որ դրա ամբողջական իրագործումն իսկապես անհրաժեշտություն է. «Ամրոցի խնդիրները մշտապես եղել են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում և բոլոր ժամանակներում էլ միջոցներ հատկացվել են ինչպես բուն ամրոցի, այնպես էլ պատմահնագիտական արգելոց-թանգարանի խնդիրները կարգավորելու համար: Անշուշտ, աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ իրենց այսքան պատկառելի տարիքով, ինչպես նաև քաղաքի հիմնադրման պահպանված բուն վայրի առկայությամբ: Եվ դա իսկապես լուրջ խթան է, որ մենք փորձենք վերաարժևորել մեր այս կարևոր պատմամշակութային արժեքն ու փորձենք այն առավել արդյունավետ կառավարել: Եվ այդ տեսանկյունից հատկապես վերջին մեկ տարում քաղաքային զարգացման առաջնահերթ ծրագրերի շրջանակում մեր կողմից առանձնակի է կարևորվել այս հարցն ու, ըստ այդմ, մշակվել է «Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման եռամյա մեծ ծրագիր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Հարկ է նշել, որ այս համատեքստում արդեն իսկ իրականացվել է ամրոցի միջնաբերդի և հարակից տարածքի գիշերային լուսավորության ապահովումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար տարածքում կառուցվել են թեքահարթակներ, թանգարանի շենքում էլ տեղադրվել է ջերմախոնավության համակարգ. «Մեր հետագա անելիքների մասով էլ ասեմ, որ նախ նախատեսում ենք աշխատանքներ տանել միջնաբերդի պահպանության ուղղությամբ, որի շրջանակում կիրականացվի ամրոցի պատերի փլուզված հատվածների մասնակի վերականգնում և ամրացում, Արգիշտի արքայի պալատի և դրան կից պաշտամունքային աշտարակի վերականգնում և որմնանկարների իրականացում: Բացի այդ, նաև ուզում ենք վերականգնել Խալդ Աստծո տաճարն ու դրան կից աշտարակը՝ տեղադրելով որմնանկարները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում նաև կվերականգնվի կարասային սրահի մի հատվածը: Նպատակ ունենք նաև միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն և լուսաձայնային ներկայացումների միջոցով այցելուներին ներկայացնել մեր քաղաքի հիմնադրման պատմությունը: Մի խոսքով, պետք է նոր շունչ հաղորդենք ամրոցին, ինչը, համոզված եմ, կբարձրացնի թե՛ հասարակական հետաքրքրության աստիճանը և թե՛ զբոսաշրջիկների համար հնավայրը կդարձնի առավել գրավիչ»,- նշել է քաղաքապետը: