Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին թուրքական bianet.org անկախ լրատվական կայքը ընթերցողներին է ներկայացրել Թուրքիայի Հանրապետության նախագահական Չանքայա պալատի շենքի իրական պատմությունը, ըստ որի' այն պատկանել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված Քասաբյանների ընտանիքին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական կայքը գրում է, որ թեեւ պաշտոնական վարկածով նշվում է, որ Քասաբյանների ընտանիքը Չանքայա պալատը իրերի հետ միասին «վաճառել» է Բուլղուրլուզադեներին, սակայն, հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդվարդ Չուհաջին, ով ներկայում բնակվում է Կանադայի Օտտավա քաղաքում, անձամբ պատմել է իրականությունը, որը թուրքական պետությունը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

 

Նշելով, որ թուրքերն Անատոլիայում հաստատվել են 1071 թվականին' հայկական Մալազկերտի զավթումից հետո, կայքը պատմում է ներկայիս Թուրքիայի նախագահական պալատի իրական պատմությունը:

 

«1919 թվականի կեսերին Մուստաֆա Քեմալը ժամանում է Անկարա: Նախ նա հաստատվում է գյուղատնտեսական դպրոցի, հետո' կայարանների վարչության շենքերում: Հետո եւ նա, եւ նրա շրջապատը գտնում են, որ այդ շենքերը «փաշային» վայել չեն, եւ սկսում են նրա համար «հարմար» շենք փնտրել: Այն ժամանակ մոտ 15 հազար բնակչություն ունեցող Անկարայի մուֆտի եւ «Իրավական պաշտպանության հանրության» նախագահ Ռիֆաթ Բոջեքչին Քեմալի հետ ձիերով շրջում են ավանում եւ շատ են հավանում «Բուլգուրջուզադերենի ընտանիքից Թեվֆիք էֆենդիի տունը», որը կարճ ժամանակ հետո նրանից գնում են 4500 լիրայով: Մինչ այս պահը պաշտոնական պատմությունն է, սակայն, իրականությունը բոլորովին այլ է, որի մասին քչերը գիտեն:

 

Պալատն իրականում պատկանում է Անկարայի հայ բնակիչներից' Քասաբյանների ընտանիքում 1857 թվականին ծնված Հովհաննես Քասաբյանին: Մինչ 1915 թվականը, Քասաբյանների ընտանիքը «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա եւ համարվում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը:

 

1915 թվականի օգոստոսին Անկարայից 1200 հայեր դուրս են բերվում ավանից եւ սպանվում: Անկարայի 1500 հայեր արքեպիսկոպոսի հետ միասին օգոստոսի 29-ին արտաքսվում են Հալեպ, սակայն, Սիրիայի հյուսիսարեւմտյան Մեսքենե վայր հասնում է նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասաբյանների ընտանիքի փեսաներից մեկին հաջողվում է Քոնյայի ճանապարհին քարավանից նրանց փախցնել Ստամբուլ, այնտեղից էլ' արտասահման…

 

Քասաբյանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնվող իրերը ոչ մեկին չի վաճառել: Իրերը գողացվել են: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայան, այլ նաեւ Չեքիօրենում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը:

 

Ներկայում Չանքայան կառավարում է նախագահականը, բայց այն պատկանում է Թուրքիայի խորհրդարանին: Պալատի իրական տերերը Քասաբյանների ժառանգորդներ Էդվարդ Չուվաջին եւ Վերգին Քասապօղլուն են:

 

Թուրքիայի Հանրապետությունը, որը պատմությանը մեծ թվով փշոտ եւ արյունոտ վարդեր է նվիրել, պարտավոր է առերեսվել իր անցյալի հետ: Գուցե դա անի ներկայում նախագահի թեկնածու Սելահեթդին Դեմիրթաշը: Քանի որ նա էլ գիտի, որ 1071-ից Չանքայա գագաթի «վերելքի» ճանապարհին նախագահական նստավայրը ծանր բեռ է հանդիսանում «, -գրում է թուրքական կայքը: