Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղն այսօր վերջին հրաժեշտը տվեց իր հերոս զավակին' ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհված, հայկական բանակի սպա Սարգիս Աբրահամյանին:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Սարգիս Աբրահամյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ' ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, ծառայակից զինվորականներ, մարտական ընկերներ, հազարավոր համագյուղացիներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ եւ բնակիչներ, Մարտունու զինկոմիսարիատի աշխատակիցներ, պաշտոնական այլ անձինք: Նախորդ օրը հերոսի ընտանիքին էին այցելել եւ ցավակցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

Հերոսի աճյունը հողին հանձնեցին հայրենի գյուղում' զինվորական կարգով, համազարկերի ներքո, նրա գործն ու անունը փառաբանող ելույթներով:Քառասուներկուամյա Սարգիս Աբրահամյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, երկար տարիներ ծառայել հայոց բանակում:

 

Վերջին տարվա ընթացքում նա մայորի զինվորական կոչումով ծառայության էր անցել Քարվաճառում տեղակայված զորամասում' ֆիզղեկի պաշտոնում: Սարգիս Աբրհամյանը երկրային կյանքում թողեց կին եւ երեք զավակ:

Խոսրով Խլղաթյան