Լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում իրաքյան ուժերը Սալահ ադ Դինի մարզկենտրոն Թիրքիթ քաղաքը մաքրել են զինյալներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունները սկսվել էին հուլիսի 15-ի վաղ առավոտյան: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել քաղաքի հարավային հատվածների վրա: Ռազմական գործողություններին մասնակցել են ահաբկեչության դեմ պայքարի ուժերը, ռազմաօդային ուժերը, տեղի ցեղախմբերը: Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկացրել է, որ 2 ժամվա ընթացքում ազատագրել են քաղաքի մեծ մասը և վերահսկողություն հաստատել պետական հաստատությունների, շենքերի մեծ մասի, ինչպես նաև Թիրքիթի հիվանդանոցի վրա: Աղբյուրը հաըտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները փախուստի են դիմել: Իրաքյան ուժերը քաղաքապե տարանի վրա բարձրացրել են իրաքյան դրոշը և այժմ մարտեր են վարում մյուս մասն ազատագրելու ուղղությամբ:
Ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն տեղեկացրել էր, որ իրաքյան կառավարական ուժերը Թիրքիթից նահանջել են զինյալների հետ թեժ բախումներից հետո: Ընդ որում, ըստ աղբյուրի, տասնյակ անդամներ սպանվել և վիրավորվել էին: Նրանք հեռացել են քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող շրջաններ:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին Մոսուլ քաղաքի ուղղությամբ օդային ռմբակոծության հետևանքով սպանվել է ԻԼԻՊ խմբավորման սպանությունների կազմակերպիչ Աբդ ալ Ազիզ Մուստաֆան: Իսկ Անբարի շրջանում օդային ռմբակոծությունից սպանվել են խմբավորման 10 անդամներ, ինչպես նաև նրանց ղեկավար Խալիդ Իբրահիմ աս Սաուդին:
Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր, երբ հունիսի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման վերահսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: