Արարատի մարզում, այս պահի դրությամբ, էնտերովիրուսային վարակների դեպքեր չեն արձանագրվել: Վերոհիշյալ վարակիչ հիվանդությունները մարզում կանխարգելելու եւ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման հարցերով մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

 

Ինչպես «Արմենպրեսս»-ին տեղեկացրեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, շրջաբերականներ են ուղարկվել մարզի 97 համայնքապետերին եւ քաղաքապետերին, բուժամբուլատորիաների ղեկավարներին եւ կենտրոնական հիվանդանոցների տնօրեններին: Համայնքապետերը եւ բուժամբուլատորիաների ղեկավարները պետք է իրականացնեն հսկողություն ջրավազաններում և արհեստական բաց ջրավազաններում:

 

Վաչությունից տեղեկացրին, որ վերջին շրջանում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում' ՀՀ-ում արձանագրվում է էնտերովիրուսային վարակների դեպքերի աճ: Այդ հիվանդության տարածման ուղիներից է համապատասխան հարուցիչներով աղտոտված ջուրը: Գաղտնիք չէ, որ ամենուր, այդ թվում Արարատի մարզում, երեխաներն ամռանը զովանում են ոռոգման ջրատարներում, ջրամբարներում, առվակներում, պատահական լողավազաններում լողալով: Հատկապես ամռանը մեծանում է նաեւ տարափոխիկ հիվանդություններով (մալարիա) հիվանդացության վտանգը:

 

Այդ հիվանդությունը զարգանում է' կապված այդ հիվանդությունները տարածող մլակների եւ մոծակների կենսագործունեության եւ կենսունակության նպաստավոր պայմանների' ջրականգերի, ճահճուտների առկայության հետ, որտեղ բազմանում է անոֆելես մոծակը: Մարզում խստացված է հսկողությունը նաեւ աղբահանման նկատմամբ. հանձնարարված է կատարել ամենօրյա պարտադիր աղբահանություն, ինչպես նաեւ մշտապես իրականացնել աղբամուղ խողովակների, աղբարկղերի ախտահանում:

 

Վերոհիշյալ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցը բնակչության մեջ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, որի համար մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը համագործակցում է տեղական բոլոր լրատվամիջոցների հետ:

 

Լիլիթ Մաճկալյան