Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ' Տավուշի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հրադադարի ռեժիմը չխախտելու երաշխիքներ ստանալու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին' իրենք խրախուսում են, երբ կարիքի դեպքում դ իմում են իրենց օգնությանը:

 

«Երբ որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմում են մեզ, մենք ընթացք ենք տալիս և բանակցություններ սկսում, որպեսզի երաշխիքներ ստանանք: Մենք այդ տարածքում տեղակայում ենք նաև մեր աշխատակցին' իր ավտոմեքենայով»,- ասաց Զառա Ամատունին' հավելելով, որ այժմ նրանք բանակցությունների մեջ են:

 

«Նման դեպքերում մենք պետք է հաստատում ստանանք, քանի դեռ դա չկա, միջնորդությունը չի իրականանում»,- նշեց Զառա Ամատունին:

 

Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանն անձամբ է դիմել Կարմիր խաչին բանավոր խնդրանքով: Գյուղապետն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից կրակոցները շատ են, ես անձամբ զանգահարել եմ Կարմիր խաչ ու բանավոր խնդրել, որպեսզի միջնորդեն' գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակոցներ չարձակելու համար»,-նշեց գյուղապետը:

 

Նրա խոսքով'գյուղում 30-35 հետկար հացահատկի տարածք կա, որն ամիջականորեն գտնվում է դիպուկահարի ուշադրության կենտրոնում: «Կոմբայնի վրա են կրակել, բարեբախտաբար, մարդկային ու նյութական վնաս չենք կրել: Այս գիշեր կոմբայնը տեղափոխել ենք անվտանգ վայր: Սպասում ենք, թե երբ հնավոր կլինի Կարմիր խաչի միջնորդությամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքները»,- ասաց Արարատ Ավալյանը:

 

Անցած երկու օրերի ընթացքում հակառակորդը կրկին կրակի տակ է պահել Տավուշի մարզի Մովսես համայնքը, մասնավորապես ադրբեջանցի դիպուկահարը կրակ է բացել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնավարի ուղղությամբ: Բարեբախտաբար գյուղացին կարողացել է պատսպարվել: