Հոլանդացի չորս փորձագետներից եւ ԵԱՀԿ-ի աշխատակիցներից բաղկացած խումբը ժամանել Է Ուկրաինայի Դոնեցկի մարզի այն վայրը, որտեղ ընկել Է մալայզիական ինքնաթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Նրանք պատրաստվում են զննել աղետի վայրը:

 

Իր հերթին, «Ինտերֆաքս»-ը հաղորդել Է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել Է հրավիրել ռուսաստանցի փորձագետներին՝ մասնակցելու Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը: Այդ մասին պետություն ղեկավարն ինքն Է հայտնել հուլիսի 21-ին Ուկրաինայում Մալայզիայի դեսպանություն կատարած այցելության ժամանակ:

 

Նախագահի խոսքով՝ ինքը ձգտում Է առաջիկա հետաքննությունը դարձնել առավելագույնս թափանցիկ: Պորոշենկոն հայտարարել Է, որ դրա համար հետաքննությանը կներգրավվեն առավել տուժած երկրների՝ Մալայզիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ռուս փորձագետներ:

 

Նախագահը հայտնել Է նաեւ, որ ուկրաինացի ուժայիններին հանձնարարել Է մալայզիական ինքնաթիռի ընկնելու վայրից 40 կիլոմետր շառավղով դադարեցնել բոլոր մարտական գործողությունները:

 

Ավելի վաղ հանրապետության վարչպետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ Ուկրաինան պատրաստ Է Նիդեռլանդներին հանձնել համակարգող դերը մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի հետաքննության գործում: «Ուկրաինան պատրաստ Է ողբերգության հետաքննության համակարգումը հանձնել արեւմտյան գործընկերներին: Նիդեռլանդցիները կարող են գլխավորել այդ գործընթացը՝ գործակցելով ուկրաինական կառույցների եւ միջազգային հասարակայնության հետ»,-ասել Է կառավարության ղեկավարը:

 

Նա նաեւ նշել Է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են զոհվածների բոլոր մարմինները տեղափոխել Ամստերդամ՝ անկախ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777-ը, որը հուլիսի 17-ին Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր, կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Հանրանավում գտնվող բոլոր ուղեւորները, ներառյալ անձնակազմի անդամները, թվով՝ 298 մարդ, զոհվել են: Ավիափոխադրողի տվյալներով՝ զոհերի թվում են Մալայզիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆիլիպինների, Կանադայի եւ Ներ Զելանդիայի քաղաքացիներ: Հետաքննությունը դիտարկում է ողբերգության տարբեր վարկածներ, այդ թվում՝ ենթադրությունը, որ օդանավը խփվել է «երկիր-օդ» դասի հրթիռով: