Հոլանդացի չորս փորձագետներից և ԵԱՀԿ-ի աշխատակիցներից բաղկացած խումբը ժամանել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի այն վայրը, որտեղ ընկել է մալայզիական ինքնաթիռը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Նրանք պատրաստվում են զննել աղետի վայրը:

 

Իր հերթին, «Ինտերֆաքս»-ը հաղորդել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարգադրել է հրավիրել ռուսաստանցի փորձագետներին՝ մասնակցելու Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի կործանման պատճառների հետաքննությանը: Այդ մասին պետություն ղեկավարն ինքն է հայտնել հուլիսի 21-ին Ուկրաինայում Մալայզիայի դեսպանություն կատարած այցելության ժամանակ:

 

Նախագահի խոսքով՝ ինքը ձգտում է առաջիկա հետաքննությունը դարձնել առավելագույնս թափանցիկ: Պորոշենկոն հայտարարել է, որ դրա համար հետաքննությանը կներգրավվեն առավել տուժած երկրների՝ Մալայզիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ռուս փորձագետներ:

 

Նախագահը հայտնել է նաև, որ ուկրաինացի ուժայիններին հանձնարարել է մալայզիական ինքնաթիռի ընկնելու վայրից 40 կիլոմետր շառավղով դադարեցնել բոլոր մարտական գործողությունները:

 

Ավելի վաղ հանրապետության վարչպետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Նիդեռլանդներին հանձնել համակարգող դերը մալայզիական Boeing-777 ինքնաթիռի աղետի հետաքննության գործում: «Ուկրաինան պատրաստ է ողբերգության հետաքննության համակարգումը հանձնել արևմտյան գործընկերներին: Նիդեռլանդցիները կարող են գլխավորել այդ գործընթացը՝ գործակցելով ուկրաինական կառույցների և միջազգային հասարակայնության հետ»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են զոհվածների բոլոր մարմինները տեղափոխել Ամստերդամ՝ անկախ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777-ը, որը հուլիսի 17-ին Ամստերդամից թռչում էր Քուալա Լումպուր, կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի տարածքում: Հանրանավում գտնվող բոլոր ուղևորները, ներառյալ անձնակազմի անդամները, թվով՝ 298 մարդ, զոհվել են:

 

Ավիափոխադրողի տվյալներով՝ զոհերի թվում են Մալայզիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆիլիպինների, Կանադայի և Ներ Զելանդիայի քաղաքացիներ: Հետաքննությունը դիտարկում է ողբերգության տարբեր վարկածներ, այդ թվում՝ ենթադրությունը, որ օդանավը խփվել է «երկիր-օդ» դասի հրթիռով: