AAMM (Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն) ծրագրի շրջանակում Գյումրիում է ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբը: Ծրագիրը, որը հիմնվել է 2013 թվականին, նպատակ ունի Գյումրիում զարգացնել բժշկության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են լապարասկոպիկ, ընդհանուր և անոթային վիրաբուժությունները, ուռոլոգիան և այլն:
Ծրագրի շրջանակներում, միայն 2013 թվականի մայիսի 8-18-ը, կատարվել է շուրջ 80 բարեգործական վիրահատություն: Հերթական բարեգործական ակցիան այս անգամ կիրականացվի հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը: Ակցիայի շրջանակում իրականացվելու են բարեգործական վիրահատություններ, սեմինարներ բժիշկների և միջին բուժանձնակազմի համար: Հայ և ամերիկացի բժիշկներն այս ընթացքում կաշխատեն Գյումրու «Բժշկական կենտրոնում»: Ի դեպ, կենտրոնում այս պահին արդեն խմբի տարբեր բժիշկ մասնագետների մոտ բուժզննման համար գրանցվել է 400 քաղաքացի:
Ներկայացնելով խմբի առաքելությունը՝ նախաձեռնության համահեղինակ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ բարեգործական ծրագրով Գյումրի գալու և նախաձեռնությանը մասնակցելու արձագանք ստացվել էր անցած տարի ծնունդով գյումրեցի լապարասկոպիկ և ընդհանուր վիրաբույժ Գևորգ Մուտաֆյանից, ով Գյումրու «Բժշկական կենտրոն»-ում կատարեց լապարասկոպիկ 80 վիրահատություն: «Հետագա համագործակցության պայմանավորվածությունը ձեռք բերվեց հենց այդ ժամանակ: Համագործակցության խոստումը բժիշկ Մուտաֆյանն իրականացրեց՝ այս տարի վերադառնալով բժիշկների ավելի մեծ խմբով:
Նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն հայտնել են ոչ միայն ամերիակահայ, այլ նաև այլ ազգերի ներկայցուցիչ բժիշկներ: Հավաքագրվեց բժիշկների բավական մեծ թիմ՝ անոթային, լապարասկոպիկ, ընդհանուր վիրաբույժների, ուռոլոգների՝ այն մասնագետների, որոնց կարիքը Գյումրին ունի: Այս պահին Գյումրիում են նաև ուսանող-կամավորներ:
Ցուցակագրվել է մոտ 400 հիվանդ: Հիվանդների մի մասը վիրահատվելու է, մյուսները կանցնեն բուժզննում ու խորհրդատվություն: Բացի դրանից, նրանք իրենց հետ բերել են այնպիսի սարքավորումներ, գործիքներ, բժշկական նյութեր, որոնց կարիքը կլինի: Կա նաև հետագա համագործակցության ծրագիր՝ դա հիմնականում գյումրեցի երիտասարդ բժիշկների վերապատրաստման հետ է կապված, սրանով փորձ կարվի լուծել նեղ մասնագետ բժիշկների խնդիրը Գյումրիում: Շատ լավ ծրագիր է, բայց կարծում եմ, որ հետագայում ավելի մեծ համագործացություն կունենանք»-նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Բոլոր վիրահատությունները խմբի անդամները կանեն անվճար, հիվանդները վճարելու են միայն հիվանդանոցային ծախսերը: Խոսելով «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հնարավորությունների մասին՝ բժիշկ Գևորգ Մուտաֆյանը նշեց, որ կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները և սարքավորումները վիրահատություններն անցկացնելու համար:
«Այստեղ կա բազա, և մենք կարող ենք ավելի խորանալ: Ի դեպ, ծրագրին մասնակցելու շատ մեծ հետաքրքություն կա ամերիկյան ստոմատոլոգների կողմից, դրա համար այլ բազայի ու այլ հիվանդանոցի անհրաժեշտությունը կլին ի: Հետաքրքրություն են հայտնում նաև այլ բժիշկ մասնագետներ: Թեև չեմ սիրում խոստումներ տալ և ասել, որ հաջորդ տարի կլինի այս կամ այն, բայց ամեն տարի ծրագիրը պետք է զարգացնենք:
Ամեն ինչ կանենք, որ մեր ծրագրով իրականացնենք բազմապրոֆիլային բժշկական ծառայություններ տեղեկացրեց»,- Գևորգ Մուտաֆյանը:
Այցի ընթացքում խումբը կլինի Գյումրու տեսարժան վայրերում, կայցելի Լեռնային Ղարաբաղ: