«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը բնական է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ձգձումը: Նրա կարծիքով' դա չի կարող խանգարել Հայաստանի' Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելուն:

 

Վերլուծաբանը հիմնավորում է, որ տնտեսական ինտեգրման գործընթացը հարուստ է տարաբնույթ հարցերի մեծ տիրույթով, իսկ նման միություններին բնորոշ են հակասությունները: «Ռազմավարական որոշում է ընդունվել, որի հետաձգումը բնականաբար անհանգստություններ է առաջացնում, սակայն իմ դիտարկումներով' որևիցե դրամատիկ ձգձգում չկա, և բոլոր դեպքերում մինչև նոյեմբեր պայմանագիրը կստորագրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը:

 

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելուն, ապա վերլուծաբանը նկատեց, որ Եվրասիական միությունը նախագահների կողմից հաստատվելու է 2015 թվականին' ենթադրաբար ձմռանը: Ավելին, ի տարբերություն' Բելառուսի և Ղազախսատնի, որոնք համեմատաբար նոր կազմավորված պետություններ են, Հայաստանն իր աշխարհաքաղաքական և քաղաքակրթական պատմությամբ կարող է ամրապնդել նոր ձևավորվող Եվրասիական միությունը: Հարությունյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը' Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության համատեսքտում:

 

«Շատ է քննարկվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Իսկապես, բազմաթիվ տեխնիկական հարցերից բացի կա նաև աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր Ղազախստանի կողմից, որը հանդիսանում է Ադրբեջանի և Թուրքիայի մերձավոր գործընկերը և ձգտում է պաշտպանել իր շահերը: Բայց կան «կարմիր գծեր», որոնք Հայաստանը չի կարող անցնել, մասնավորապես' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը: Ոչ մի մաքսակետ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մենք նույն տնտեսական տարածքում ենք, նույն էթնոսն ու վերջապես նույն երկիրը»,- փաստեց Հարությունյանը: