Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները Գազայի երկու թեժ կետերում դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, կողմերը նման քայլի են դիմել, որպեսզի թույլատրեն շտապօգնության մեքենաներին դուրս հանել վիրավորներին:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Սեսիլիա Գոյնը նշել է, որ շտապօգնության 7 մեքենաներից բաղկացած շարասյունը և ԿԽՄԿ 2 մեքենաներն արդեն մտել են Շեջայ, մի խումբ մեքենաներ մտել են Խան Յունիս:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել է հուլիսի 8-ին: Տասնվեց օրվա ընթացքում Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը Գազայի հատվածում արդեն հասել է 651-ի: Նրանց թվում 161-ը երեխաներ են, 66-ը՝ կանայք: Վիրավորվների թիվը կազմել է 4040:
Իսրայելական բանակը այսօր հայտարարել է իր երկու զինվորների զոհվելու մասին: Միևնույն ժամանակ, ավելի քան 150 վիրավոր զինվորներ համապատասխան բուժում են ստանում Իսրայելի հիվանդնաոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայող և 2 քաղաքացի է զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է:
Նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձկավել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100: