Աննախադեպ թվով մարդիկ կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում:

 

Փաստաթղթում հատկապես առանձնացվում է Սիրիայի իրադրությունը, որտեղ, հեղինակների խոսքով, զգալիորեն կրճատվել է քրիստոնյաների թվաքանակը:

 

Ավելի քան մեկ միլիոն մարդ է տները լքել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ տեղի ունեցող մարտերի պատճառով:

 

Պետդեպարտամենտը նաեւ նշում է, որ շատ երկրներ՝ Չինաստանից մինչեւ Սաուդյան Արաբիա եւ Ռուսաստան, մինչ այժմ սահմանափակում են դավանանքի ազատությունը:

 

Զեկույցը չի ընդգրկում ընթացիկ տարվա իրադարձություններն Իրաքում, որտեղ հազարավոր մարդիկ են փախել այն վայրերից, որոնք գրավել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները: