Արդեն 5-րդ անգամ չի կայացել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդը. աճուրդի համար գնորդ չի գտնվել և այն կրկին հետաձգվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր ծառայությունից, համալիրը վաճառքի էր հանվել հուլիսի 17-ին, 10 տոկոս զեղչով, մեկնարկային գինը սահմանվել էր 12 մլրդ 695 մլն 535 հազար դրամ էր: Աճուրդի վերջնաժամկետը հուլիսի 29- ն էր, որն ավարտվեց նորից առանց առաջարկի:

 

Մարզահամերգային համալիրն առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչև մայիսի 29-ը որևէ հայտ չէր ներկայացվել, և երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով, սակայն այս դեպքում էլ գնորդ չէր հայտնվել: 3-րդ անգամ այն հանվել էր հունիսի 17-ին՝ արդեն 15 մլրդ դրամ: 4-րդ անգամ շենքն աճուրդի էր հանվել հուլիսի 2-ին՝ 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամ: Մարզահամերգային համալիրի տնօրինությունն էլ հավաստիացնում է, որ համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, և այդ կապակցությամբ հայց է ներկայացրել դատարան:

 

Դատարանն անօրինական էր համարել աճուրդը: Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրը (մարզամշակութային կենտրոն)' յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտր ոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով: Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008թթ., արդյունքում կառուցվել է նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը:

 

Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին առկա են քանդակներ: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի տուֆից, թեման՝ «Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է», քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր: Կառույցի շրջակա տարածքն ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ առկա են հասարակական օգտագործման համար նստարաններ, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում առկա են քարե սալիկն եր, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, առկա են նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ:

 

Մարզահամերգային համալիրն ունի մեծ ճեմասրահ' ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը նախատեսված է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և տարբեր միջոցառումների անցկացման համար: Ճեմասրահի երկու կողմերից բացվում են ավտոմատ շարժի դրվող աստիճանավանդակներ (էսկալատոր): Ունի նաեւ սպորտային դահլիճ' 3785քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատես, այս սրահը նախատեսված է համերգների և միջազգային միջոցառումների անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը, որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1008 նստատեղ:

 

Մեծ դահլիճում տեղակայված է համալիրի «Սառցե թագուհին»՝ 1800քմ մակերեսով սահադաշտը: Համալիրի համերգային դահլիճը՝ 1275քմ մակերեսով, կարող է տեղավորել 2000 հանդիսատեսի: Կոնֆերանսի դահլիճը' «Հայաստան»՝ 1294քմ մակերեսով տարածքը նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար, որտեղ հարդարումը իրականացված է ինքնատիպ և յուրօրինակ լուծումներով: Առկա են այլ սրահներ: Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակա վայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա: