1998-1999 թվականներին Կոսովոյում կատարված հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող Եվրամիության հատուկ հանձնաժողովն Էթնիկական զտումների եւ մարդու օրգանների առեւտրի ապացույցներ է գտել եւ կոչ է արել մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերի հիման վրա գործեր հարուցել Կոսովոյի ազատագրման բանակի նախկին բարձրաստիճան անդամների դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Եվրամիության դատախազ Քլինթ Ուիլյամսոնի խոսքով՝ եռամյա հետաքննության ընթացքում հաջողվել Է Էթնիկական զտումների ապացույցներ գտնել, որոնք հակամարտության ընթացքում իրականացվել են կոսովցի սերբերի, գնչուների եւ մյուս փոքրամասնությունների նկատմամբ:

 

Հանձնաժողովին արդեն հաջողվել է գտնել մարդկային օրգանների վաճառքի տասնյակ դեպքերի հաստատումներ:

 

Հանձնաժողովի աշխատանքն սկսվել Է այն բանից հետո, երբ չորս տարի առաջ Եվրոպայի խորհուրդը զեկույց հրապարակեց, որի համաձայն՝ Կոսովոյի նախկին ղեկավարները, ներառյալ նախկին վարչապետ Հաշիմ Թաչին, մարդկային օրգանների առեւտրի մասնակից են եղել: Նրանք իրենք մերժում Էին բոլոր մեղադրանքները:

 

Հանձնաժողովի ներկայացուցիչը կոչ Է արել՝ դատարան հիմնել եւ դատավարություն սկսել այդ հանցագործությունների համար մեղավորների նկատմամբ: Դրա անհրաժեշտությունը նա բացատրել Է նրանով, որ այժմ կասկածյալների վրա չի տարածվում Հաագայի դատարանի եւ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: