Միջազգային փորձագետների խմբին երրորդ անգամ չի հաջողվել Ուկրաինայի արևելքում մտնել մալայզիական Boeing 777 ինքնաթիռի աղետի վայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարարությունը:
Նախօրյակին մի խումբ միջազգային ավիացիոն փորձագետներ և ոստիկաններ, որոնք ժամանել էին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեզ քաղաքի մերձակա շրջան, հրաժարվել են սկսել աշխատանքը. փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այդտեղ աշխատելն անվտանգ չէ, և որոշել են վերադառնալ Դոնեցկ:
«Նիդեռլանդներից և Ավստրալիայից ժամանած փորձագետների խումբը Դոնեցկից չի հեռացել, որպեսզի ուղևորվի Ուկրաինայի արևելքում (ինքնաթիռի) աղետի վայր: Ներկայում օդանավի անկման վայր տանող ճանապարհի շրջանում շարունակվում են մարտերը»,- մեջբերել է գործակալությունը նախարարության հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: