ՀՀ սփյուռքի նախարարությունում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոց 2014թ. ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այս կերպ ազդարարվել է համայնքներում իրականացվելիք հայապահպան մեծ գործի սկիզբը:
«Դուք այժմ կվերադառնաք հզորացած՝ ձեռք բերած գիտելիքները բնակության երկրներում կիրառելու և հայրենակիցներին փոխանցելու»,- ընդգծել է նա:
«Սփյուռք» ամառային դպրոցը 2014թ. իրականացվել է վեց ուղղություններով՝ «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:
Դասընթացները վարում էին Հանրապետության և Սփյուռքի լավագույն մասնագետները: Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել պատմական և մշակութային վայրեր, այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր, Ազգային Ժողով, կառավարություն և արտաքին գործերի նախարարություն, հանդիպումներ ունեցան պետական և մշակութային նշանավոր գործիչների հետ: Նշենք, որ այս տարի ծրագրին մասնակցում էին մոտ 240 մասնակից աշխարհի շուրջ 20 երկրից: