Միջազգային վարկանիշային «Fitch Ratings» գործակալությունը վերահաստատել է արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի' որպես թողարկողի (էմիտենտ) դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում' «կայուն» կանխատեսմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' գործակալությունը նաև հաստատել է մեր երկրի առաստաղային վարկանիշը' «BB», իսկ թողարկողի դեֆոլտի (արտարժույթով) կարճաժամկետ վարկանիշը' «B» մակարդակում:
Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով հաստատվել են «BB-» մակարդակում:
Գործակալության հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի վարկանիշների հաստատումը արտացոլում է մի շարք առանցքային գործոններ, որոնք են.
2013 թվականին բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 1.7 տոկոսը՝ չնայած ավելի վաղ կանխատեսվող 2,8 տոկոսին: Հայաստանի պետական պարտքի չափը 2014-2015 թվականներին կայուն կլինի՝ կազմելով ՀՆԱ 43-44 տոկոսը և կարող է նվազել 2016 թվականին ՀՆԱ աճի տեմպերի ավելացման դեպքում: Միաժամանակ' Հայաստանի արտաքին պարտքի մոտ 85 տոկոսը արտահայտված է արտարժույթով, ինչը պարտքի կառուցվածքը խոցելի է դարձնում փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում:
Fitch-ը նկատում է, որ Ռուսաստանի տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով Հայաստանի ՀՆԱ աճը դանդաղել է 2014 թվականի առաջին կիսամյակում, սակայն կարող է փոքր-ինչ բարելավվել երկրորդ կիսամյակում՝ տարեկան կտրվածքով կազմելով 4,5 տոկոս:
Նշվում է նաև, որ գնաճը Հայաստանում մոտ կլինի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախատեսած 4 տոկոսին, բայց զգուշացնում' Ռուսաստանից իր մեծ կախվածության հետևանքով Հայաստանը խոցելի է Ռուսաստանում զարգացումների եւ քաղաքականության փոփոխության լույսի ներքո: Չնայած Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրներին' մասնավոր տրանսֆերտների ծավալները չեն նվազել և կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը: